ԱՄՆ փոխնախագահն այսօր Չեռնոգորիայում կմասնակցի Ադրիատիկի խարտիայի երկրների գագաթնաժողովին

Չեռնոգորիայի վարչապետը Պոդգորիցայի օդանավակայանում դիմավորում է Միացյալ Նահանգների փոխնախագահին, 1-ը օգոստոսի, 2017թ.

Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսն օգոստոսի 1-ին ժամանեց Չեռնոգորիա, Ադրիատիկի ափին ընկած բալկանյան մի փոքր երկիր, որը, չնայած Ռուսաստանի խանգարող քայլերին, անցած հունիսին դարձավ ՆԱՏՕ-ի անդամ:

Այսօր Չեռնոգորիայում Փենսը մասնակցելու է Ադրիատիկի խարտիայի երկրների գագաթնաժողովին, որին մասնակցելու են նաև Արևմտյան Բալկանների երկրների՝ Ալբանիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Խորվաթիայի, Կոսովոյի, Մակեդոնիայի, Սերբիայի և Սլովենիայի առաջնորդները:

Մայք Փենսը, սկսելով իր շրջագայությունը Էստոնիայից, դեռ Տալլինում ասել էր, որ Էստոնիայում, Վրաստանում և Չեռնոգորիայում իր հիմնական ուղերձը լինելու է նույնը՝ մերձբալթյան և Արևելյան Եվրոպայի երկրներին հայտնել ԱՄՆ-ի հավատարմությունն ու աջակցությունը։

Երեկ Փենսը Չեռնոգորիա ժամանեց Թբիլիսիից: Վրաստանում նա հանդիպել էր երկրի ղեկավարներին, հոգևոր առաջնորդներին, ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներին։ ԱՄՆ-ի փոխնախագահը Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ այցելել էր Վազիանի ռազմակայան՝ հանդիպելու այնտեղ ընթացող ՆԱՏՕ-ի զորավարժությունների մասնակիցներին:

«Իմ երկրի 20 տոկոսը օկուպացված է, որովհետև Վրաստանը որոշել էր ազատ և անկախ պետություն լինել: Միջազգային հանրության արձագանքը բավարար չէ՝ կանգնեցնելու Ռուսաստանի սպառնալիքները հարևանների դեմ։ Այդ քաղաքականությունը չի սահմանափակվի, մինչև մենք չկանգնեցնենք դա», - զինվորականների առջև իր ելույթում ասել էր Վրաստանի նախագահը։

Իր հերթին, ԱՄՆ-ի փոխնախագահը նշել էր. - «Միացյալ Նահանգները կանգնած է Վրաստանի կողքին՝ սկսած ձեր անկախությունից։ Եվ նախագահ Դոնալդ Թրամփի ղեկավարությամբ, մենք կշարունակենք կանգնել ուս-ուսի և ձեռք-ձեռքի տված աշխատել՝ ամրապնդելու ձեր պաշտպանությունը, ուժեղացնելու ժողովրդավարությունը և խորացնելու ձեր բարեկամական կապերը Եվրոպայի և Միացյալ Նահանգների հետ»։