Մայք Փենս․ Ամերիկան կանգնած է Վրաստանի կողքին

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի և Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հանդիպումը Թբիլիսիում, 1-ը օգոստոսի, 2017թ․

Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսը, ժամանելով Թբիլիսի, ուժեղ աջակցություն է հայտնել Վրաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը:

ԱՄՆ փոխնախագահը՝ տիկնոջ հետ, Թբիլիսի է ժամանել երեկ օրվա երկրորդ կեսին: Ընդունելությունը, առաջին ելույթները տեղի են ունեցել Մթածմինդայի ռեստորանում կազմակերպված հանդիսավոր ընթրիքին:

«Նախագահ Դոնալդ Թրամփը ինձ խնդրել է փոխանցել բարեմաղթանքները և ասել, որ մենք ձեզ հետ ենք: Մենք Վրաստանը համարում ենք առանցքային ռազմավարական գործընկեր, աջակցում ենք ձեր տարածքային ամբողջականությանը և սատարում ենք ՆԱՏՕ-ին անդամակցելու ձեր ջանքերին», - ասել է Մայք Փենսը:

Հանդիսավոր ընթրիքի ժամանակ վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ ի դեմս Վրաստանի՝ Միացյալ Նահանգները ունի հավատարիմ բարեկամ, աշխարհաքաղաքական դաշնակից և ռազմավարական գործընկեր:

ԱՄՆ փոխնախագահը բաժակ է բարձրացրել հանուն ազատ, ամբողջական և բարգավաճ Վրաստանի:

Այսօր արդեն տեղի են ունեցել Մայք Փենսի և Վրաստանի ղեկավարի՝ վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի պաշտոնական բանակցությունները:

Մամուլի համատեղ ասուլիսում Փենսը, անդրադառնալով Ռուսաստանի դեմ ամերիկյան պատժամիջոցներին, ասել է․ - «Միացյալ Նահանգները ցանկանում է չեղարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները և կարգավորել հարաբերությունները, բայց դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ Ռուսաստանը հրաժարվի իր ապակառուցողական քաղաքականությունից: Մենք կշարունակենք խորացնել հարաբերությունները Վրաստանի հետ, որպեսզի Վրաստանը կարողանա տանել ռուսական ագրեսիայի հետևանքները»:

«Ես այստեղ եմ՝ հայտնելու, որ երբ մենք ասում ենք՝ առաջինը՝ Ամերիկան, դա չի նշանակում՝ միայն Ամերիկան․ Ամերիկան կանգնած է Վրաստանի կողքին», - Թբիլիսիում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահը: