Պակիստանի հրաժարական ներկայացրած վարչապետ Նավազ Շարիֆին կփոխարինի նրա մտերիմ քաղաքական դաշնակից Շահիդ Խաքան Աբասին:
Այսօր խորհրդարանի ստորին պալատը՝ Ազգային ժողովը, քվեարկությամբ ընտրեց նոր վարչապետին: Թեկնածուների թվում էին Աբասին և ընդդիմադիր 5 պատգամավոր:
Կանխատեսվում էր Աբասիի դյուրին հաղթանակը, քանի որ Շարիֆի ղեկավարած «Պակիստանի մահմեդական միություն-Նավազ» կուսակցությունը գերիշխող մեծամասնություն ունի օրենսդիր մարմնում:
Աբասին կլինի անցումային շրջանի վարչապետ: Նա կթողնի պաշտոնը, երբ Շարիֆի կրտսեր եղբայր Շահբազը, ով ներկայում զբաղեցնում է Փենջաբի նահանգի ավագ նախարարի պաշտոնը, լրացուցիչ ընտրություններով կստանա վարչապետ առաջադրվելու իրավունք: Այդ գործընթացը կտևի մոտ երկու ամիս:
Նավազ Շարիֆը հրաժարական է ներկայացրել հուլիսի 28-ին՝ Գերագույն դատարանի կարգադրությամբ:
Այդ ատյանը Շարիֆի հրաժարականն է պահանջել այն բանից հետո, երբ անցյալ տարի հրապարակված «Պանամայի փաստաթղթերում» հայտնաբերվել են վարչապետի և նրա ընտանիքի անդամների օֆշորային ապօրինի գործարքների մասին վկայող նյութեր: Ինքը Նավազ Շարիֆը հերքում է մեղադրանքը: