Ռուսաստանն ու Չինաստանը հակադարձում են Միացյալ Նահանգներին

Ռուսաստանը և Չինաստանը հակադարձում են Միացյալ Նահանգներին այն բանից հետո, երբ Վաշինգտոնը նրանց մեղադրեց Հյուսիսային Կորեայի միջուկային նկրտումները զսպելու համար բավարար ջանքեր չգործադրելու մեջ:

«Հենց Ռուսաստանն ու Չինաստանը ճանապարհային քարտեզ մշակեցին, որը բացառում էր ուժի և ուժի սպառնալիքի կիրառման հնարավորությունը, ինչպես նաև նախատեսում էր Կորեական թերակղզու բոլոր խնդիրների, այդ թվում՝ միջուկային խնդրի համապարփակ լուծումը քաղաքական և դիվանագիտական մեթոդներով», - ասված է Ռուսաստանի արտգործնախարարությունը երեկ տարածած հայտարարությունում:

Շաբաթավերջին Հյուսիսային Կորեան կրկին հրթիռի փորձարկում իրականացրեց: Երկրի առաջնորդ Քիմ Յոնգ Ունը հայտարարեց, որ Միացյալ Նահանգների ողջ տարածքն այսուհետև հասանելի է իր նոր միջմայրցամաքային հրթիռների համար:

Փորձարկումից հետո ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթերում գրեց, որ «շատ հիասթափված է», որ Չինաստանը «ոչինչ չի արել» օգնելու Միացյալ Նահանգներին՝ պատժել Փհենյանին:

«Անկախ նրանից, թե ինչ հնարավորություններ ունի Չինաստանը, դրանք գործնական արդյունքի չեն հանգեցնի, քանի որ դա [իրավիճակի կայունացումը] կախված է երկու կողմերից», - ասել է ՄԱԿ-ում Չինաստանի դեսպան Լյու Ցզեին՝ պնդելով, որ լարվաժության աճի համար Վաշինգտոնն ու Փհենյանն են կրում «հիմնական պատասխանատվությունը»