«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի գնահատմամբ, մեկ տարի առաջ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավմանը հաջորդած օրերին քաղաքացիների նկատմամբ իրականացված գործողությունները «միանգամայն հակաօրինական էին»:
«Ազատության» հետ զրույցում «Ժառանգության» փոխնախագահը, մասնավորապես, նշեց․ «Տեղի ունեցավ հակաօրինական գործողություն, որովհետև ամբողջովին խաղաղ ցույց էր, որովհետև, ցավոք սրտի, առաջին անգամ քաղաքացիական անձինք՝ կանգնած ոստիկանության թիկունքում, մետաղյա ձողերով հարձակվել էին քաղաքացիների վրա»:
Արմեն Մարտիրոսյանի համոզմամբ, քաղաքացիների հանդեպ կիրառված բռնությունների հետևանքով վիրավորվածների թիվն իրականում շատ ավելի էր, քան հաղորդվել է [պաշտոնապես նշվել է 60 քաղաքացի], քանի որ, վերջինիս պնդմամբ, շատ քաղաքացիներ, այդ թվում հենց իր բարեկաները, բժշկի չեն դիմել: «Վախենալով թիրախի տակ հայտնվելուց, նրանք տնային պայմաններում են բուժում ստացել, ուստի՝ միանշանակ կարծում եմ, որ վիրավորների թիվը շատ ավելին է, քան պաշտոնապես հաղորդվոում է»,- ասաց Մարտիրոսյանը:
Նկարագրելով տեղի ունեցածը, «Ժառանգության» փոխնախագահը նաև նշեց, թե իրեն առանձնապես դառնություն է պատճառել այն, որ ոչ միայն ուժային կառույցների ներկայացուցիչներն էին հարձակումներ գործում, «ինչը կարող է և բնական դիտվել», այլ, ոստիկանների հետ մեկտեղ, քաղաքացիների նկատմամբ բռնություններ էին գործադրում նաև քաղաքացիական անձինք:
«Հենց այդ ժամանակ ես ունեցա պետականության կորստի զգացում»,- ասաց Մարտիրոսյանը՝ եզրափակելով․ «Ակնհայտ էր, որ այնտեղ ոչ թե օրինականություն էին հաստատում, այլ բացառապես ուժային, ապօրինի գործողությամբ ճնշում էին քաղաքացիների խաղաղ անհնազանդությունը»:
«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդումն ամբողջությամբ դիտելու համար սեղմել ստորև տեղադրված հղումը