Նոր ահաբեկչական հարձակում Քաբուլում

Աֆղանստան - Քաբուլում պայթյունի վայրից ծուխ է բարձրանում, 31-ը հուլիսի, 2017թ․

Այսօր առավոտյան նոր ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի կենտրոնում: Արևմտյան գործակալությունների տեղեկություններով` հուժկու պայթյունի և փոխհրաձգության ձայներ են լսվել Իրաքի դեսպանատան մերձակայքում:

Աֆղանստանի ներքին գործերի նախարարության տեղեկություններով, հարձակումը մահապարտ ահաբեկիչ է իրագործել` մեքենայում տեղադրված պայթուցիկ սարքը գործի դնելով Իրաքի դեսպանատան մուտքի մոտ:

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

Հիշեցնենք՝ մայիսի 31-ին Աֆղանստանի մայրաքաղաքում բեռնատարի պայթյունի հետևանքով, ըստ վերջին տվյալների, ավելի քան 150 մարդ է զոհվել, հարյուրավոր մարդիկ վիրավորվել էին: