Սպիտակ տունը հուլիսի 28-ին ուշ երեկոյան հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է ստորագրել ԱՄՆ նախագահական ընտրություններում Ռուսաստանի ենթադրյալ միջամտության համար սահմանված պատժամիջոցները խստացնող օրինագիծը:
Հուլիսի 27-ին ԱՄՆ Սենատը ձայների 98 կողմ և 2 դեմ հարաբերակցությամբ հավանություն էր տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանող օրինագծին՝ չնայած նախագահ Դոնալդ Թրամփի առարկություններին, ինչից հետո Մոսկվան հայտարարել էր ամերիկացի դիվանագետների դեմ պատասխան պատժամիջոցներ սահմանելու մասին, մասնավորապես՝ պահանջել էր մինչև առաջիկա սեպտեմբերի 1-ը Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանատան, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգի, Եկատերինբուրգի և Վլադիվոստոկի գլխավոր հյուպատոսությունների աշխատակիցների քանակը նվազեցնել, հասցնելով 455 մարդու՝ այնքան, որքան ռուսաստանցի դիվանագետ կա ԱՄՆ-ում:
Ռուսաստանի այդ հայտարարությունից ժամեր անց, փաստորեն, ամերիկյան պատժամիջոցները վավերացնելու մասին հայտարարությամբ հանդես եկավ Սպիտակ տունը՝ այսպիսով ի չիք դարձնելով մոտ ապագայում Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հարաբերությունները բարելավելու հույսերը՝ մի բան, որի օգտին հանդես էր եկել Թրամփը դեռևս իր նախագահական քարոզարշավի ժամանակ: