Գյումրիում Ռուսաստանի Դաշնության նորանշանակ հյուպատոսի հավաստմամբ՝ հյուպատոսարանը բաց և հրապարակային է աշխատելու: Օրերս ընտանիքի հետ Գյումրի տեղափոխված Ալեքսանդր Կոպնինին լրագրողներն ասյօր հիշեցրեցին, որ նրա նախորդը ԶԼՄ-ների հետ չշփվելու քաղաքականություն էր որդեգրել:
«Ես ափսոսում եմ, որ ձևավորվել է այն կարծիքը, թե մենք բաց չենք լրատվամիջոցների համար: Իհարկե մենք բաց ենք ԶԼՄ-ների համար և բաց կլինենք միշտ, քանի որ մենք աշխատում ենք մարդկանց համար, և մարդիկ պետք է իմաման, թե մենք ինչով ենք զբաղվում, ինչպես ենք աշխատում: Կփորձենք ձեզ հետ կառուցողական աշխատել և օպերատիվ կերպով պատասխանել ձեր բոլոր հարցերին»,- այսօր խոստացավ ՌԴ նոր հյուպատոսը: Նշենք՝ Գյումրիում արդեն 15 տարի գործող ՌԴ հյուպատոսարանը, հատկապես Ավետիսյանների յոթ հոգանոց ընտանիքի՝ ռուս զինծառայողի իրականացրած սպանդից հետո, վերածվել էր ԶԼՄ-ների համար փակ կառույցի:
Ռուս դիվանագետն այսօր հանդիպեց նաև Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի հետ: Հանդիպումից հետո պատասխանելով լրագրողների հարցերին, Կոպնինը նշեց՝ տեղյակ է, որ Ռուսաստանից մեծ թվով զբոսաշրջիկներ են այցելում Հայաստան, ինչին մեծապես նպաստել է նաև ռուսական ներքին անձնագրերով Հայաստան մուտքի թույլտվությունը: Նորանշանակ հյուպատոսին հարց ուղղեցինք՝ միգրացիոն խնդիրների վերաբերյալ կա՞ն արդյոք նոր մոտեցումներ: «Հիմա մենք փորձում ենք դյուրացնել հյուպատոսական ծառայությունները փոխադարձ այցերի համար: Այդ հարցերը համալիր կերպով կդիտարկվեն, դրանք շատ տարբեր են: Հիմա ես միանաշանակ չեմ կարող պատասխանել»,- պատասխանեց ռուս հյուպատոսը:
Կոպնինն այսօր նաև ասաց, թե երկու երկրների միջև տնտեսական համագործակցության հնարավորություններ է տեսնում, ընդգծելով՝ ՌԴ-ի համար Հայաստանը «չափազանց կարևոր գործընկեր է»: Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի խոսքով էլ՝ քանի որ կառավարությունն այժմ փորձում է համայնքներում տնտեսական զարգացման ծրագրեր իրականացնել, ռուս գործարարների հետաքրքրությունը մարզի համար շատ կարևոր է:
«Կքննարկենք համատեղ ծրագրեր, ոչ միայն հյուպատոսական հարաբերությունները կկարգավորենք, այլև բիզնես հարաբերությունները: Թեև գիտենք՝ դա հյուպատոսական գործառույթ չէ, բայց ամեն դեպքում պետք է բիզնես հարաբերությունների հաստատում հայկական և ռուսական ընկերությունների միջև»,- ասաց մարզպետը: