Այսօր Սիսիանում արտագնա խորհրդակցություն անցկացրած վարչապետ Կարեն Կարապետյանի հավաստմամբ՝ նախընտրական շրջանում Սյունիքիում արվելիք ներդրումների խոստումներն ուժի մեջ են: Պատասխանելով «Ազատության» հարցին, վարչապետն, այդուհանդերձ, որևէ հստակ թիվ չնշեց․ «Ես հիմա թիվը չեմ հիշում, բայց Սյունիքում ներդրումներն ավելի շատ են լինելու», - ասաց վարչապետը:
Հիշեցնենք, մարտի 11-ին՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ Կարապետյանը Կապանում հայտարարել էր, թե նախատեսում են Սյունիքում մինչև 55 միլիոն դոլարի ներդրում անել: Վարչապետն այսօր չմանրամասնեց, թե խոստացված 55 միլիոնից մինչ այժմ որքանն է ներդրվել:
Կարեն Կարապետյանն այսօր 4,5 ժամ տևողությամբ դռնփակ քննարկում անցկացրեց Սյունիքի տեղական ինքնակառավարման մարմինների և բիզնեսի ներկայացուցիչների, մարզպետարանի աշխատակիցների հետ: Խորհրդակցությունից հետո պատասխանելով լրագրողների հարցերին՝ վարչապետը հայտարարեց՝ քննարկել են տարբեր ոլորտներում առկա խնդիրները:
«Խոսել ենք և՛ սեփական եկամուտների, և՛ ջրի, և՛ գյուղատնտեսության մասին: Բոլոր խնդիրներն էլ առաջնային են, չկա խնդիր, որը պետք է առաջինը լուծենք, խնդիրները զուգահեռ պետք է լուծվեն, աղբահանության հարցը պիտի լուծել, գյուղը պետք է զարգանա, բոլորն էլ կարևոր են»,- ասաց Կարապետյանը: Նա անդրադարձավ նաև վերջին շրջանում մամուլում շրջանառվող այն լուրերին, թե Սյունիքում լարված իրավիճակ է՝ հակասություններ կան մարզպետ Վահե Հակոբյանի և նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի թիմակիցների միջև: «Ես դրան հումորով եմ վերաբերվում»,- այդ առնչությամբ նշեց Կարապետյանը:
Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի խոսքով էլ՝ մարզում առկա մի քանի խնդիրների առաջնահերթ լուծումը տնտեսական զարգացման նոր հնարավորություններ կստեղծի: «Մենք առաջարկել ենք, որպեսզի կառավարությունն ավելի շատ ուշադրություն դարձնի ճանապարհաշինությանը և ջրամատակարարամանը: Մինչև մենք չունենանք ճիշտ կոմունիկացիաներ, մենք չենք կարող խոսել բիզնես ոլորտում լրացուցիչ միջոցներ նեգրավելու մասին»,- ասաց մարզպետը: