Հայաստանի կառավարությունում հնարավոր են համարում, որ Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ նոր պատժամիջոցները կարող են բացասական ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսության վրա: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանի ընդգծմամբ, սակայն, այն էական չի կարող լինել:
«Ես չեմ կարծում, որ նոր պատժամիջոցներն էական ցնցումներ կառաջացնեն Ռուսաստանի տնտեսության համար, ինչը բումերանգի էֆեկտով կարող էր անդրադառնալ Հայաստանի վրա՝ տրանսֆերտների առումով, մեր արտահանման պահանջարկի առումով և այլն: Չեմ կարծում, որ այդ ուղղություններով մենք կունենանք էական ցնմցումներ: Ինչու՞, որովհետև Ռուսաստանի տնտեսությունն արդեն սովորել է ապրել այդպիսի պատժամիջոցների պայմաններում, և չեմ կարծում, որ լրացուցիչ խորացումը կբերի էական ցնցումների: Բացասական ազդեցությունների՝ հնարավոր է»,- ասաց Արամյանը, մասնավորապես, նշելով արժութային փոխարժեքների հարաբերակցության տատանումները:
Միացյալ Նահանգների Սենատի կողմից երեկ ընդունված օրինագիծը, որով նախատեսվում է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի հանդեպ, դեռ պետք է արժանանա նախագահ Թրամփի հավանությանը: Ռուսաստանի ֆիանսական շուկան, մինչդեռ, արդեն արձագանքել է Սենատի որոշմանը․ ռուբլին որոշակիորեն արժեզրկվել է:
2015թ․ ապրիլին Ռուսաստանի դեմ առաջին պատժամիջոցների սահմանումից մոտ մեկ տարի անց նախագահ Վլադիմիր Պուտինը խոստովանեց՝ արևմտյան պատժամիջոցների պատճառով Ռուսաստանը կորցրել է մոտ 160 միլիարդ դոլար: 2014-2016 թթ․ընթացքում ռուսական ռուբլին արժեզրկվեց մոտ երկու անգամ:
2014-ի վերջին մոտ 20 տոկոսով արժեզրկվեց նաև հայկական դրամը: 2015 թվականին էականորեն կրճատվեցին Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալները, կտրուկ անկում ապրեց նաև Ռուսաստանից ստացվող մասնավոր տրանսֆերտների մակարդակը: Ռուսաստանից եկող տրանսֆերտները 2014 -ին կազմել էին 1 միլիարդ 554 միլիոն դոլար, 2015 թ․՝ 1 միլիարդ 8 միլիոն դոլար, իսկ 2016 թվականին այդ ցուցանիշը 896 միլիոն դոլար էր՝ գրեթե 58 տոկոսով պակաս 2014 թվականի համեմատ:
Նույն 2016 թվականին Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշը մոտեցավ զրոյին, գրանցվեց ընդամենը 0,2 տոկոս աճ: Երևանում գործող Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի ղեկավար Հեղինե Մանասյանի խոսքով, քիչ հավանական է, որ ունենանք 2014 – 2015 թթ․ պատկերը: Սակայն եթե ԱՄՆ-ն կյանքի կոչի նոր պատժամիջոցները, դրանք իրենց ազդեցությունը կթողնեն նաև Հայաստանի վրա, ի հետևանք՝ միջնաժամկետ հեռանկարում տնտեսական աճը սպասվածից ավելի ցածր կլինի:
«Վերջին ընտրությունների ժամանակ մեր կառավարությունը, հատկապես իշխող կուսակցության լիդերները մեծ ներդրումների խոստումներ էին տալիս: Շատ հավանական է, որ այդ ծավալով ներդրումներ մենք չենք ունենա»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Հեղինե Մանասյանը: