Նորք Մարաշի զինված խմբի ստեղծման համար Արթուր Վարդանյանը ստացել է մոտ 60,000 դոլար․ մեղադրող

Նորք Մարաշի զինված խմբի ստեղծման համար Արթուր Վարդանյանը ստացել է մոտ 60,000 դոլար: Այսօր զինված խմբի գործով ընթացող դատական նիստի ընթացքում այս մասին հայտարարեց մեղադրող կողմը՝ ներկայացնելով խմբի ղեկավար համարվող Արթուր Վարդանյանի մեղադրական եզրակացությունը:

Մեղադրող կողմը հայտարարեց, որ Վարդանյանը ձեռնամուխ է եղել զինված խմբի ստեղծմանը այն բանից հետո, երբ նույն գործով անցնող Հայր Անտոն Դիկրան Թոթոնջյանի հետ խոսակցությունների ժամանակ «երկուստեք հանգել են համոզման, որ ստեղծված սոցիալ-տնտեսական խնդիրների, Արցախի հարցում հնարավոր զիջումների գնալու պայմաններում Հայաստանում անհրաժեշտ է իշխանափոխություն իրականացնել»:

Հայր Անտոնը դատական նիստերի ընդմիջման ժամանակ հրաժարվեց պատասխանել «Ազատության» հարցերին:

Հիշեցնենք ըստ մեղադարնքի՝«2015թ. ապրիլից Հայր Անտոնը անձնապես ծանոթացել է Իսպանիայից ժամանած Արթուր Վարդանյանի հետ, մասնակցել է վերջինիս կողմից ստեղծված ու ղեկավարած հանցավոր համագործակցությանը` ֆինանսավորելով այն:

Արթուր Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել «ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խումբ ստեղծելու և ղեկավարելու» համար: Մեղադրանքում նշվում է, որ նա խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով բռնությամբ յուրացնել իշխանությունը՝ «ինչը ավարտին չի հասցվել նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր համագործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից»:

Այսօր, երբ ներկայացվում էին գործով անցնող մնացած մասնակիցների մեղադրական եզրակացությունները, ուշագրավ հայտարարություններ հնչեցին, որտեղ շրջանառվում էին նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի, ինչպես նաև բարձրաստիճան այլ նախկին գործիչների անունները: Ըստ այդմ, խմբի անդամները հանձնարարություն են ստացել Վարդանյանից՝ լուսանկարել վերոնշյալ պաշտոնյաների առանձնատներն ու գրասենյակները: Բացի այդ, լուսանկարվել են նաև նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի տունը, Մրգաշեն գյուղում գտնվող Սեյրան Օհանյանի հայրական տունը, նախագահի նստավայրը, Բարեկամության և Ֆրանսիայի հրապարակները, Հաղթանակ և Կիևյան կամուրջները, Սահմանադրական դատարանի շենքը և հարակից տարածքները:

Ըստ մեղադրանքի, զինված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանը ծրագրել էր հարձակումներ գործել մի շարք պետական մարմինների՝ Հայաստանի նախագահի նստավայրի, Ազգային ժողովի և Հանրային հեռուստաընկերության վրա: Նախորդ դատական նիստի ժամանակ, երբ մեղադրանք էր ներկայացվում գործով անցնող ամբաստանյալ Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին, մեղադրական կողմը հայտարարեց, որ պաշտպանության նախկին փոխնախարարն Արթուր Վարդանյանին առաջարկել է իշխանափոխության հասնել՝ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ մահափորձ իրականացնելու միջոցով:

Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանն այսօր «Ազատության» հետ զրույցում հայտարարեց, որ ի պաշտպանյալը չի ընդունում մեղադրանքը՝ պնդելով, որ մեղադրանքը ամբողջությամբ հիմնված է անօրինական ճանապարհով ձեռք բերված ձայնագրության վրա:

Զինված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի փաստաբան Լևոն Բարսեղյանն էլ «Ազատության» հետ զրույցում ասաց, որ դատավարության ընթացքում իր պաշտպանյալները կբացատրեն՝ ինչ կապ ունեն նախկին նախագահների տների լուսանկարները այս գործի հետ: Բարսեղյանի խոսքով՝ իր պաշտպանյալը չի ընդունում ներկայացված մեղադրանքները, դրանք համարում է շինծու և հնարովի:

Անդրադառնալով իր պաշտպանյալի և Վահան Շիրխանյանի միջև տեղի ունեցած զրույցին, որի ընթացքում, ըստ մեղադրանքի, նախկին փոխնախարարը Արթուր Վարդանյանին առաջարկել է իշխանափոխության հասնել՝ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ մահափորձ իրականացնելու միջոցով, փաստաբանն ասաց, որ համաձայն է իր գործընկերոջ՝ Ալումյանի գնահատականի հետ, որ ապացույցը ձեռք է բերվել անօրինական ճանապարհով ու հավելեց՝ միջազգային իրավակիրառ պրակտիկայում անգամ մտադրության բացահայտումը հանցագործություն չէ․ - «Ավելին՝ նախաքննության մարմինը ժամանակին, ի դեմս քննչական խմբի ղեկավարի, հայտարարեց, որ այո՛, եղել է նման մտադրություն, բայց ի կատար չի ածվել»:

Այսօրվա դատական նիստը ընդհատվեց մի քանի անգամ՝ ամբաստանյալներից երկուսի առողջական վատ վիճակի պատճառով: Փաստաբան Հայկ Ալումյանն ասաց, որ իր պաշտպանյալ Վահան Շիրխանյանը երկար նստել չի կարող, նրան անհրաժեշտ է պառկել: Ոստիկանները Շիրխանյանին աթոռով գրկած դուրս տարան դատարանի դահլիճից: Մոտ 6 ժամ ընթացող դատական նիստն այսօր հերթական անգամ հետաձգվեց:

Օգոստոսի 11-ին մեղադրական կողմը կշարունակի ներկայացնել գործով անցնող այլ մասնակիցների մեղադրական եզրակացությունը: