ԱՄՆ և ՄԲ դեսպանները շեշտում են՝ Երևանն ինքը պետք է որոշի՝ որքանով է ցանկանում խորացնել կապերն Արևմուտքի հետ

ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլս, Կոտայքի մարզ, 28-ը հուլիսի, 2017 թ․

«Լինելով ՀԱՊԿ-ի անդամ, Հայաստանը սերտորեն համագործակցում է նաև ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ»,- պատասխանելով «Ազատության» հարցին, այսօր արձանագրեց ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

Կարևոր է, որ Հայաստանն ինքը որոշի, թե անվտանգության ու պաշտպանության ոլորտում ում հետ է համագործակցում: Այսօր այս մասին ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը՝ պատասխանելով «Ազատության» հարցին՝ արդյո՞ք ռազմա-քաղաքական ոլորտում Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները Հայաստանի համար խոչընդոտ չեն՝ խորացնելու հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ:

«Ո՛չ, նման խոչընդոտ չկա, վերջին տարիներին այս ոլորտում Հայաստանի և Միացյալ Նահանգների հարաբերություններն առաջ են շարժվել և խորացել: Սա ի ցույց է դնում Հայաստանի կարողությունը՝ աշխատելու իր բոլոր հարևանների հետ, նաև մատնանշում է միջազգային անվտանգության հարցում Հայաստանի կողմից մասնակցության ցուցաբերումը: Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ լինելով՝ պաշտպանական ոլորտում սերտորեն համագործակցում է նաև Միացյալ Նահանգերի հետ, ինչպես նաև ներգրավված է ՆԱՏՕ-ի առաքելություններում:

Ինչպես բազմիցս եմ ասել՝ սա հաղթողի կամ պարտվողի հարց չէ․ Հայաստանը պաշտպանության ու անվտանգության հարցերում կարող է օգուտ քաղել ինչպես մեզ հետ, այնպես էլ ուրիշների հետ համագործակցելով, սակայն կարևոր է, որ Հայաստանն ինքնուրույն որոշի, թե ում հետ է համագործակցում այդ ոլորտներում»,- ասաց դեսպան Միլսը:

Միացյալ Նահանգների դեսպանն այսօր իր բրիտանացի գործընկերոջ և Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի հետ Կոտայքի մարզում մասնակցում էր երեք երկրների համագործակցությամբ իրականացվող զորավարժությանը: Արդյո՞ք Միացյալ Նահանգների կողմից օրեր առաջ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների կիրառումը բացասական չի ազդի նաև Ռուսաստանի դաշնակից Հայաստանի վրա, «Ազատության» այս հարցին ԱՄՆ դեսպանը բացասական պատասխան տվեց: «Եթե Հայաստանի զինված ուժերն ու կառավարությունը ցանկանում են, ապա ես չեմ տեսնում որևէ խոչընդոտ՝ անվտանգության ոլորտում շարունակելու համագործակցությունը Հայաստանի հետ»,- ասաց Ռիչարդ Միլսը:

Հայաստանում արևմտյան մեկ այլ գերտերության՝ Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթն էլ «Ազատության» հետ զրույցում ընդգծեց՝ առավելապես հայկական կողմն է որոշողը, թե որքանով է ցանկանում խորացնել կապերն Արևմուտքի հետ: «Հայաստանի կառավարությունն է իր միջազգային ներգրավվածության որոշողը: Իմ տպավորությամբ՝ Հայաստանի համագործակցությունն Արևուտքի ու ՆԱՏՕ-ի հետ միտված է Հայաստանն ավելի ուժեղ, դիմակայուն և բարգավաճ դարձնելուն: Այնպես որ ինչ չափով Հայաստանը ցանկանա մեր աջակցությունը, այդ չափով էլ մենք պատրաստ են տրամադրել այն»,- ասաց ՄԲ դեսպանը:

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի խոսքով՝ իր ղեկավարած ոլորտում համագործակցությունը քաղաքականացված լինել չի կարող․ իրենք ծրագրեր են իրականացնում ոչ միայն արևմտյան երկրների, այլև Ռուսաստանի հետ: «Արտակարգ իրավիճակներին արձագանքումը ամբողջ աշխարհում ապաքաղաքականացված ոլորտ է, և մենք այդ ուղղությամբ ենք շարժվելու: Աղետը և արտակարգ իրավիճակը սահմաններ, աշխարհաքաղաքականություն չեն ճանաչում: Մենք համագործակցելու ենք բոլորի հետ անխտիր»,- ասաց Տոնոյանը:

Լուսակերտում այսօր կազմակերպված ուսումնական վարժանքի սցենարով քլոր տեղափոխող բեռնատար գնացքը բախվել էր մարդատար գնացքի հետ: ԱԻՆ աշխատակիցների խնդիրն էր՝ ստեղծված իրավիճակում փրկարարական աշխատանքների իրականացումը։ Հայ-ամերիկյան-բրիտանական համատեղ վարժանքին հետևում էր նաև Միացյալ նահանգների Կանզաս նահանգի ազգային գվարդիայի գեներալ-մայոր Լի Թաֆանելին: Ամերիկացի զինվորականը բարձր գնահատելով հայ փրկարարների աշխատանքը՝ նշեց, որ իրենք տարատեսակ համատեղ ծրագրեր են իրականացնում:

«Շուրջ 40 հայ զինվորներ այժմ վերադառնում են Միացյալ Նահանգներից: Նրանք հնարավորություն են ունեցել Կանզասի ազգային գվարդիայի զինվորականների հետ մասնակցելու որոշ դասընթացների ու միջոցառումների: Մենք էլ Հայաստան ենք ուղարկել զինվորների և օդուժի ծառայողների՝ մասնակցելու այսօրվա վարժանքին: Այսպիսով, մենք տեսնում ենք միասին աշխատելու բազմաթիվ հնարավորություններ, և սա համագործակցության ոլորտներից մեկն է»,- ասաց Լի Թաֆանելին: Հարցին՝ արդյո՞ք հայ-ամերիկյան համագործակցությունը ներառում է նաև որոշ տեխնիկական կամ ռազմական աջակցություն, ամերիկացի գեներալը պատասխանեց՝ իրենք կենտրոնացած են անձնակազմերի փորձի փոխանակման վրա: