Թուրքիայում այսուհետ կպատժվեն «թուրք ազգի պատմությունն ու անցյալը վիրավորող» պատգամավորները

Թուրքիայի խորհրդարանում նախօրեին ընդունվել է իշխող «Արդարություն և զարգացում» և «Ազգայնական շարժում» կուսակցությունների մշակած՝ պատգամավորների վարքին, արտաքին տեսքին և խորհրդարանի նիստերի ընթացքին վերաբերող ներքին կանոնակարգային փոփոխությունների 18 կետից կազմված փաթեթը: Այս մասին հաղորդում է «Անադոլու» գործակալությունը:

Այս փաթեթը մի ուշագրավ կետ է պարունակում․ ըստ դրա, փաստացիորեն, սահմանափակվում է պատգամավորների խոսքի ազատությունը։ Կետերից մեկի համաձայն էլ, նախատեսվում է պատիժ սահմանել այն պատգամավորների նկատմամբ, ովքեր կվիրավորեն «թուրք ազգի պատմությունն ու անցյալը»։Պատժելի է համարվում, մասնավորապես, պատգամավորների կողմից խորհրդարանի ամբիոնից «Հայոց ցեղասպանություն», «Դերսիմի կոտորած», «Քուրդիստան», «Ամեդ» (Դիարբեքիրի քրդական հին անվանումը), «քրդական նահանգներ» արտահայտությունների կիրառումը։

Այս կարգը խախտած պատգամավորները ժամանակավորապես կհեռացվեն խորհրդարանի աշխատանքներից, ինչպես նաև՝ նրանց աշխատավարձից 12 հազար լիրայի չափով պահում կարվի։ Փոփոխությունների փաթեթին դեմ են քվեարկել ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական և Ժողովուրդների դեմոկտրակական կուսակցությունները: Վերջիններիս հայազգի պատգամավորներ Սելինա Դողանն ու Գարո Փայլանը հայտարարել են, որ կանոնակարգային փոփոխություններն անօրինական են և նպատակ են հետապնդում խորհրդարանում լռեցնել ընդդիմության ու փոքրամասնությունների ձայնը: