Մոսկվան պատասխան պատժամիջոցների է դիմում, առաջին թիրախը երկրում ԱՄՆ դիվանագիտական կորպուսն է

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն այսօր հայտարարել է, որ ՌԴ-ում Միացյալ Նահանգների դեսպանությունը պետք է կրճատի աշխատակազմը: Մոսկվան Վաշինգտոնից պահանջել է մինչև առաջիկա սեպտեմբերի 1-ը Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանատան, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգի, Եկատերինբուրգի և Վլադիվոստոկի գլխավոր հյուպատոսությունների աշխատակիցների քանակը նվազեցնել, հասցնելով 455 մարդու՝․ այնքան, որքան ռուսաստանցի դիվանագետ կա ԱՄՆ-ում:

ՌԴ ԱԳՆ-ի էջում տեղադրված հաղորդագրությունը նաև տեղեկացնում է, որ ամերիկացի դիվանագետներին օգոստոսի 1-ից արգելվում է օգտվել «Սերեբրյանի բոր» ամառանոցից և Մոսկվայում գտնվող պահեստներից: Հաղորդագրությունն ընդգծում է, որ Ռուսաստանը կարող է ընդլայնել պատժամիջոցները:

2016-ի դեկտեմբերին, երբ Բարաք Օբաման դեռ չէր լքել ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը, Միացյալ Նահանգները ռուսաստանցի 36 դիվանագետի «ոչ ցանկալի անձ» հայտարարեց, նաև ռուս դիվանագետների համար փակեց Նյու Յորքում և Մերիլենդում գտնվող երկու ամառանոցները: Այդ քայլերը կատարվեցին ԱՄՆ-ի 2016 թվականի նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության պատճառաբանությամբ:

Երեկ Միացյալ Նահանգների Սենատը ձայների 98 կողմ և 2 դեմ հարաբերակցությամբ հավանություն էր տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանող օրինագծին՝ չնայած նախագահ Դոնալդ Թրամփի առարկություններին և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոստմանը, որ նախագծի ընդունվելու պարագայում Մոսկվան ստիպված կլինի պատասխան քայլեր ձեռնարկել։