Ոստիկանությունը մանրամասներ է հրապարակում Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության վերաբերյալ

Ոստիկանությունը մանրամասներ է հայտնում Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության վերաբերյալ։

Ըստ հաղորդագրության՝ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հուլիսի 22-ին Մանուկ Սիմոնյանի տանը 1970 թվականին ծնված Ռ. Մ.-ն կացնով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա գլխին և սպանել, այնուհետև սավանով փաթաթել, կապել և 1994 թվականին ծնված Ն. Ս.-ի հետ հուլիսի լույս 23-ի գիշերը, ժամը 4.00-ի սահմաններում, հանգուցյալին պատկանող «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայով դիակը տեղափոխել են նշված վայր և թողնելով այնտեղ՝ հեռացել են:

Նշանակվել են փորձաքննություններ: Ռ. Մ.-ն և Ն. Ս.-ն ձերբակալված են: Նախաքննությունը շարունակվում է:

Նշենք, որ օր առաջ Արմավիրում սպանված էին գտել մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանին։ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ Սիմոնյանի մարմինը կապկպված վիճակում հայտնաբերվել է Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի մոտ գտնվող «Դալարիկի ձոր» կոչվող տարածքում։ Արմավիրի մարզպետի խորհրդականը մոտ 2 օր կորած էր համարվում: