Ռուսաստանը երկարաձգեց իր ռազմական ներկայությունը Սիրիայում․ Պուտինը ստորագրել է օրենքը

«Հմեյմիմ» ավիաբազան, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած օրենքը հնարավորություն է տալիս Ռուսաստանին տասնամյակներ շարունակ ռազմական ներկայություն ունենալ Սիրիայում։

Հուլիսի 27-ին նրա ստորագրած օրենքով վավերացվել է Սիրիայի հետ կնքված համաձայնագիրը, ըստ որի, Ռուսաստանն իր ավիաբազան Սիրիայի տարածքում կպահի 49 տարի, գումարած 25 տարի ավտոմատ երկարաձգելու հնարավորությունը:

Պուտինի ստորագրած փաստաթուղթը տեղադրված է Կրեմլի պաշտոնական կայքում:

Ռուս-սիրիական համաձայնագիրը ստորագրվել է այս տարվա հունվարին՝ Դամասկոսում: Համաձայնագրում շարադրված են Լաթաքիայի մոտ տեղակայված «Հմեյմիմ» ավիաբազան Ռուսաստանի կողմից օգտագործելու պայմանները: Այս ավիաբազան ռուսները արագորեն արդիականացրեցին 2015 թվականին և այստեղից սկսեցին ավիահարվածներ հասցնել Բաշար ալ-Ասադին հակառակորդ ուժերին:

Արևմուտքը, Սիրիայի ընդդիմությունը, «Մարդու իրավունքների սիրիական դիտարան» իրավապաշտպան կենտրոնը բազմիցս հայտարարել էին, որ ռուսական օդուժն ավելի շատ հարվածում է ընդդիմադիր ուժերին, քան՝ «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորումներին:

Պուտինի վավերացրած փաստաթուղթն այս ամսվա ընթացքում արդեն ստացել էր Պետդումայի և Դաշնային խորհրդի հավանությունը:

Հիշեցնենք նաև, որ անցած հոկտեմբերին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, թե աշխատանքներ է տանում, որպեսզի Սիրիայի Տարտուս նավահանգստում գտնվող ռազմակայանը Ռուսաստանի համար մշտական դառնա: