ԱՄՆ-ը մեղադրում է Իրանին ՄԱԿ ԱԽ բանաձևն անտեսելու մեջ

Իրան - Արբանյակ տեղափոխող Simorgh («Փյունիկ») հրթիռը, արխիվ

Միացյալ Նահանգները մեղադրել է Իրանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը անտեսելու մեջ։ Պատճառը հուլիսի 27-ին Իրանի կողմից արբանյակ տեղափոխող ժամանակակից հրթիռի արձակումն է։

ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Հիթեր Նաուերթը գործողությունը սադրիչ է անվանել և պնդել, որ այն խախտում է նաև 2015 թվականի միջուկային համաձայնագրի «ոգին», և որ իրենք սա դիտարկում են որպես բալիստիկ հրթիռների զարգացման օրինակ։

Իրանական կողմը պնդում է, որ իրենց հրթիռները բացառապես ինքնապաշտպանական նպատակի համար են, և որ իրենք միջուկային ծրագրեր չեն զարգացնում՝ հավատարիմ մնալով պայմանագրի պահանջներին։ Իրանը նաև հերքում է Արևմուտքի այն մեղադրանքները, որ իր տիեզերական ծրագրերով խթանում է ռազմական ծրագրերի զարգացումը՝ անցած տարի իր տիեզերական ծրագրի շրջանակում համագործակցության առաջարկներ անելով տարբեր երկրների։