«Սասնա ծռերը» շատ լուրջ ասելիք ունեն դատարանում. փաստաբան

Փաստաբան Մուշեղ Շուշանյանի խոսքով՝ «Սասնա ծռեր» զինված խմբի անդամները շատ լուրջ ասելիք ունեն դատարանում, և թերևս դա է պատճառը, որ, ըստ փաստաբանի, իշխանությունները զգուշանում են նրանցից։

«Ազատություն». - Ինչի՞ց են վախենում, ի՞նչ պետք է ասեն Ձեր պաշտպանյալները՝ «Սասնա ծռերի» գործով մեղադրյալները դատարանի դահլիճում, որից այդքան իշխանությունը վախենում է և գնում է նման քայլերի, այդ ի՞նչ պետք է ասեն։

Շուշանյան. - Ինչ պետք է ասեն՝ իրենք կասեն ժամանակին։

«Ազատություն». - Բայց ասելիք ունե՞ն։

Շուշանյան. - Այո՛, բնականաբար, ունեն։

«Ազատություն». - Նկատի ունեմ՝ այնպիսի ասելիք, որից իշխանությունները զգուշանո՞ւմ են։

Շուշանյան. - Այո, շատ լուրջ ասելիք ունեն։ Ես ընդամենը մի բան ասեմ՝ «Սասնա ծռերն» ապստամբության փորձ կատարեցին նախորդ տարի։ Հիմա, թե ի՞նչը բերեց դրան, որ իրենք զինված ապստամբության միջոցով փորձեն իրավիճակ փոխեն երկրում, ա՛յ դրա պատասխանն իրենք հստակ կարող են ասել։

«Ազատություն». - Իրենք ուզում են մի տեղեկատվությո՞ւն փոխանցել, որն իշխանությունը ցանկանում է զսպել և թույլ չտալ այդ արտահոսքը։

Շուշանյան. - Իշխանության նպատակն, այսպես ասեմ, իմ կարծիքով՝ հոգեբանական դաշտում ինչ-որ «Սասնա ծռերի» նկատմամբ առավելության հասնելն է, նաև հանրային կարծիքի ձևավորումը, որ «Սասնա ծռերը» պարզ, քրեական հանցագործություն են կատարել։

«Ազատություն». - Նկատի ունեմ՝ եթե այդպիսի կարևոր հայտարարություն ունեն Ձեր պաշտպանյալները անելու, և այդ հայտարարությունից զգուշանալով իշխանությունը գնում է նման սցենարի, ի վերջո՝ նրանք կարող են այդ հայտարարությունը Ձեր միջոցով անել, պարոն Շուշանյան։

Շուշանյան. - Այո, իհարկե կարող են անել, և իմ պաշտպանյալներից ոմանք պարբերաբար իրենց այդ իրավունքից օգտվում են՝ հայտարարություններ, հոդվածներ, հարցազրույցներ են տալիս և այլն։

«Ազատություն». - Բայց Դուք նշեցիք, որ նրանք ցանկանում են այնպիսի հայտարարություններ անել, որոնք վերաբերում են այն պատճառներին, որոնք նրանց դրդեցին գրավել ՊՊԾ գնդի տարածքը։

Շուշանյան. - Այո, մասնավորապես նշեցի դա, բայց միայն դա չի, այսինքն՝ կոնկրետ ՊՊԾ գունդը գրավելու և ՊՊԾ գնդում գտնվելու օրերին տեղի ունեցած իրադարձությունների կոնկրետ հանգամանքները պետք է քննվեն դատարանում. իշխանությունը ներկայացրել է իր վարկածը, թե ինչ է տեղի ունեցել, ինչպես է տեղի ունեցել, ովքեր են կատարել այս կամ այն գործողությունները, բայց ես վստահ եմ, որ «Սասնա ծռեր»-ի անդամներն իրենց վարկածն են ներկայացնելու, այդտեղ նույնպես, կարծում եմ, որ վախենալու բան ունեն։

«Ազատություն». - Այսինքն՝ թե՛ դրդապատճառների, թե՛ իրականում ի՞նչ է կատարվել։

Շուշանյան. - Թե՛ դրդապատճառների և թե՛ կոնկրետ իրադարձությունների հանգամանքների հետ կապված, այո՛։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.