Միացյալ Նահանգների Սենատը երեկ ձայների 98 կողմ և 2 դեմ հարաբերակցությամբ հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանող օրինագծին՝ չնայած նախագահ Դոնալդ Թրամփի առարկություններին և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոստմանը, որ նախագծի ընդունվելու պարագայում Մոսկվան ստիպված կլինի պատասխան քայլեր ձեռնարկել։
Օրինագիծը, որը հուլիսի 25-ին ընդունվել էր Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում, նաև խստացնում է պատժամիջոցները Իրանի և Հյուսիսային Կորեայի նկատմամբ։ Նախագիծն այժմ պետք է փոխանցվի Սպիտակ տուն, և ԱՄՆ նախագահը կա՛մ կստորագրի ու օրենքի ուժ կտա դրան, կա՛մ կարգելափակի այն վետոյի իր իրավունքով։
Օրինագծով սահմանափակվում են պատժամիջոցները վերացնելու՝ Միացյալ Նահանգների նախագահի լիազորությունները: Եթե Թրամփը, այնուհանդերձ, որոշի վետո դնել օրենքի նախագծի վրա, ակնկալվում է, որ այն Կոնգրեսի երկու պալատներում բավարար թվով ձայներ կհավաքի նախագահի վետոն շրջանցելու համար։
Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցները սահմանվում են ի պատասխան Ղրիմի բռնակցման, Ուկրաինայի արևելքում Ռուսաստանի գործողությունների և ԱՄՆ 2016 թվականի նախագահական ընտրություններին միջամտելու ռուս հաքերների ջանքերի։
Պուտինը շարունակաբար ժխտել է Ռուսաստանի միջամտությունը ԱՄՆ ընտրություններին, իսկ երեկ «ծայրաստիճան ցինիկ» է որակել նոր պատժամիջոցների օրինագիծը և հայտարարել, որ չեն պատրաստվում անվերջ հանդուրժել նման վերաբերմունքն իրենց երկրի նկատմամբ։
Ռուսաստանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցների օրինագիծը, հիշեցնենք, մտահոգել է նաև Եվրամիությանը: