Ըստ ՀԷՑ-ի մամուլի խոսնակ Նատալիա Սարջանյանի, յուրաքանչյուր բանկից ընկերությունը կստանա 80 միլիոն դոլարի վարկ: Կառավարությունը նաև պայման է դրել՝ եթե բանը հասնի գրավի բռնագանձմանը, ապա պետք է բացառել բաժնետոմսերի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը առանց Հայաստանի կառավարության և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գրավոր համաձայնությունը ստանալու:
Տնտեսագետ Արտակ Մանուկյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, թե այս հարցը Կառավարությունում բաց քննարկման չի դրվել և կարող էր անգամ օրակարգում չհայտնվել` եթե գրավադրվող բաժնետոմսերի քանակը մի քանի տոկոսով պակաս լիներ․ - «Քանի որ 65 տոկոսից բարձր գործարքների դեպքում պետք է ստանան Կառավարության համաձայնությունը, դրանով է պայմանավորված, որ ինքը Կառավարության օրակարգ մտել է»:
Ինչպես նշված է ՀԷՑ-ի պաշտոնական կայքէջում հրապարակված հաղորդագրության մեջ, Ասիական զարգացման բանկից ստացվող 80 միլիոնը ուղղվելու է էլեկտրաէներգիայի բաշխման բարելավմանը, էներգետիկ անկախության և արդյունավետության բարձրացմանը, նաև նախատեսվում է նվազեցնել կորուստները՝ դրանք մոտ 10 տոկոսից 2021 հասցնելով 8 տոկոսի:
Գործընթացը, ըստ Արտակ Մանուկյանի, թափանցիկ չէ․ հայտնի չէ, թե այդ վարկերն ի վերջո ուր կուղղվեն․ - «Համակարգում այնքան ոչ-թափանցիկություն կա․․․ օրինակ, դեպքեր կային նախկինում էլ, որ էներգետիկ համակարգից վերցնում էին գումարներ, վարկեր, հետո պարզվում էր «Նաիրիտ»-ի պարտք են վճարել․․․ Այստեղ կոպիտ ասած՝ շունը տիրոջը չի ճանաչում, և այս առումով բացառված չէ, որ հետագայում պարզվի, որ այս վարկերով էլ մի ծակ է փակվել և այլն: Բայց ֆորմալ առումով մենք բավարար հիմքեր չունենք սա ապացուցելու և պետք է ընդունենք այն հիմնավորումը, որը ներկայացվում է: Իսկ ներկայացվում է այս բնույթի հիմնավորում, որը, էլի եմ ասում, չկա որևէ պատճառ կամ հիմնավոր տրամաբանական բացատրություն, թե ինչու պետք է սպառողը ՀԷՑ-ի ավելի մեծ շահույթ ստանալու համար վճարի»:
Վարկի հաշվին էներգետիկ անկախության և արդյունավետության բարձրացմումը, կորուստների նվազեցումը տրամաբանորեն չպետք է սակագնի բարձրացմանը հանգեցնեն: Հակառակը, ըստ Արտակ Մանուկյանի՝ այլ երկրներում սա կարող էր հանգեցնել սակագների նվազմանը:
Համաձայն էլեկտրաէներգիայի սակագնի բանաձևի՝ Հայաստանի քաղաքացին այժմ վճարում է 11.2 տոկոս կորստի համար, այն դեպքում երբ փաստացի ՀԷՑ-ի կորուստներն ավելի քիչ են՝ միայն 10 տոկոս են կազմում: Իսկ ընդհանրապես կորստի ընդունելի չափը 5-6 տոկոսն է:
Կորուստների նվազումը, ըստ տնտեսագետի, ֆորմալ առումով հիմք չէ հանձնաժողովի համար, որպեսզի սակագինը նվազեցնելու հայտ ներկայացվի․ - «ՀԷՑ-ը ըստ էության վարկը վերցնում է, որպեսզի ավելի արդյունավետ․․․ ավելի մեծ շահույթ լինի, և էս կոնտեքստով չկա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համար ֆորմալ առումով հիմքեր, քանի որ այնտեղ սակագնային հայտերը ներկայացնելու համար գործոններ են անհրաժեշտ: Այստեղ այդ նշված գործոնները չեն․ ասենք, գազի գնի վերանայում չի եղել և այլն․․․ Այն բոլոր գործոնները, որոնք որ մեթոդաբանությամբ ամրագրված են, այստեղ այդ խաղի կանոններով փոփոխություն չի լինում»:
Մանուկյանը հիշեցնում է, որ երբ 39 դրամից էլեկտրաէներգիայի սակագինը դարձավ 42 դրամ, դա բացատրվում էր վերցրած վարկերը փակելու անհրաժեշտությամբ, հետագայում սակայն երբ վարկը փակվեց, սակագինը չնվացեցվեց․ - «Սա այն ոլորտն է, որտեղ որ կա ոչ-թափանցիկություն, մեծ հաշվով այստեղ բավականաչափ մեծ հնարավորություններ կան կամայական սակագնային ինչ-որ պատկեր կամ սցենարներ ներկայացնելու: Եվ ըստ այդմ հնարավորություն կա բավականաչափ մեծ խավերից հավելյալ գումարներ ստեղծել»:
Տնտեսագետը կարծում է, որ այս տարի էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հայտեր չեն լինի, սակայն հաջորդ տարին բավական լուրջ էներգետիկ մարտահրավերներ է բերում․ - «Ես չեմ բացառում, որ 2018-ին մենք կտեսնենք սակագների բարձրացման տարատեսակ հայտեր, այդ թվում նաև՝ պայմանավորված, իհարկե ոչ փաստացիորեն, դրան հղում չի կատարվի, բայց ինչ-ինչ պատճառներով պայմանավորված մենք կսկսենք վճարել նաև նման կարգի փոփոխությունների համար»:
«Ֆորմալ առումով, վարկը միայն դրական է, բայց քանի որ ոլորտը թափանցիկ չէ, մենք չենք կարող իմանալ էդ որ մենք վճարում ենք, վճարում ենք մենակ նշված գործոնների՞ համար, թե՞ այլ հարակից գործոնների համար ևս», - եզրափակեց տնտեսագետ Արտակ Մանուկյանը: