Կողմերի միջև բուռն վեճերից հետո «Սասնա ծռերի» գործով այսօրվա դատական նիստը ևս տապալվեց

«Սասնա ծռեր» խմբի գործով դատավոր Արտուշ Գաբրիելյան, Երևան, 27-ը հուլիսի, 2017 թ․

Փաստաբաններին այսօր հատկապես զայրացրին իրենց հասցեին դատավոր Արտուշ Գաբրիելյանի թույլ տված վիրավորական արտահայտությունները:

«Սասնա ծռեր» զինված խմբի 18 անդամների դատաքննությունը սկսելու փորձերն այսօր էլ ձախողվեցին։ Դարձյալ փաստաբանների նկատմամբ սանկցիաներ կիրառվեցին, եղան բազմաթիվ վիճաբանություններ, ընդմիջումներ: Ի վերջո՝ այսօրվա նիստն ամբողջությամբ նմանվեց նախորդ նիստերին:

Ընդհանուր առմամբ՝ սանկցիաների ենթարկվեց 5 փաստաբան։ Բացի պատժամիջոցներ կիրառելուց, դատավոր Արտուշ Գաբրիելյանը նաև հաճախակի բղավում էր միջնորդություններ ներկայացնող պաշտպանների վրա, երբեմն անգամ վիրավորական արտահայտություններ անում:

Հերթական ընդմիջումից հետո դատավորը կարգադրեց դահլիճ բերել անցած ամռանը Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված ամբաստանյալներին, ապա փորձեց հիմնավորել՝ դատաքննությունն արդեն մեկ ամիս է չի ընթանում փաստաբանների բացակայության պատճառով։ Դատավոր Գաբրիելյանի այս հայտարարությունը նոր վիճաբանության տեղիք տվեց։

Փաստաբաններն ու ամբաստանյալններն այսօր հասցրեցին երկու անգամ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել դատավորին։ Փաստաբանները հայտարարեցին՝ «դատավորը չի կարող կառավարել նիստերը, արհամարում է օրենքներն ու ենթարկվում է վերևից եկող հրահանգներին»։

Դատավորին ինքնաբացարկ հայտնած՝ «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարդան Գերավետյանն էլ նշեց, որ այդ նույն դատարանի նկուղում խմբի անդամներից չորսը բռնության են ենթարկվել ոստիկանների կողմից, մինչդեռ դատավորը որևէ քայլ չի կատարել իրենց կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգները չեզոքացնելու համար։ Լսելով կողմերին՝ դատավորը մերժեց ներկայացված միջնորդությունները, կրկին դահլիճից հեռացրեց ամբաստանյալներին ու նիստը մեկ շաբաթով հետաձգեց։

Հիշեցնենք՝ Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավման փաստով 14 և 18 մեղադրյալների մասերով երկու առանձին դատավարություն է ընթանում՝ նույն դատավորի նախագահությամբ: Զինված խմբի հիմնական մասը մեղադրվում է գնդի տարածքը գրավելու, պատանդ պահելու, ապօրինի զենք-զինամթերք կրելու, փոխադրելու մեջ։ 3 ոստիկանների սպանության համար մեղադրվում են խմբի անդամներից երկուսը: