«[Դատավորների կողմից փաստաբանների նկատմամբ] սանկցիաներ կիրառելու դեպքում ես պարտավոր եմ կարգապահական վարույթ հարուցել», - այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։
«Դա օրենքի պահանջն է, ինձ հայեցողական հնարավորություն չի տրվում, ասում է՝ «պետք է հարուցես», բայց պարտադրանքը վերաբերում է միայն պալատի նախագահին, պալատի խորհրդի անդամներն այդպիսի կաշկանդվածություն չունեն, հետևաբար սանկցիաների դեպքում նրանք քննելու են գործն ըստ էության», - ասաց փաստաբանների պալատի նախագահը։
Նշենք, որ վերջին շրջանում հանրային հնչեղություն ունեցող գործերի քննության ժամանակ գործով դատավորները պարբերաբար տարբեր պատճառներով սանկցիաներ են կիրառում փաստաբանների նկատմամբ՝ կարգապահական վարույթ հարուցելու պահանջով դիմելով նաև Փաստաբանների պալատ։ Փաստաբանները պնդում են, որ այս կերպ իրենց նկատմամբ ճնշում է գործադրվում։
Հիշեցնենք, վերջերս Փաստաբանների պալատը կարգապահական վարույթ հարուցեց «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանի նկատմամբ, ընդ որում՝ ոչ թե դատարանն էր Շուշանյանի նկատմամբ սանկցիա կիրառել և դիմել փաստաբանների պալատ, այլ Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն էր գրությամբ դիմել։
Հարցին, թե այս դեպքում ևս պարտադի՞ր էր վարույթի հարուցումը, Զոհրաբյանը պատասխանեց. - «Ո՛չ, պարտադիր չէր, ես ասեմ, թե ինչու եմ վարույթ հարուցել՝ ի վերջո փաստաբանը գտնվում է վարքագծի կանոնագրքի կիրառման տիրույթում, ինչ է նշանակում դա՝ փաստաբանն ունի արտոնություններ օրենքով տրված, օրինակ՝ փաստաբանի գրասենյակը չի կարելի խուզարկել, փաստաբանին չի կարելի վկա կանչել, փաստաբանը հատուկ արտոնություն ունեցող սուբյեկտ է, բայց նաև փաստաբանն ունի պարտավորություններ՝ ի վերջո վարքագծի կանոնակարգի ուժով է նրան պետությունը վստահում, որ նա արտոնություններ ունենա, հիմա, եթե փաստաբանը քննադատում է, նա իրավունք ունի քննադատելու, բայց, ես հիմա չեմ ուզում գնահատական տալ Մուշեղ Շուշանյանին, դա խորհուրդը կանի, բայց երբ անցնում է վիրավորական արտահայտությունների, այստեղ Փաստաբանների պալատը պարտավոր է այդ վարքագծին գնահատական տալ»։
Զոհրաբյանը, սակայն նշեց՝ վարույթ հարուցելը դեռևս չի նշանակում, որ փաստաբանը խախտում է թույլ տվել, դա կորոշի 12 անդամից կազմված խորհուրդը։
Հարցին, թե ո՞րն է եղել Շուշանյանի նկատմամբ վարույթ հարուցելու հիմքը, Զոհրաբյանը պատասխանեց. - «Առերևույթ հիմքը նա էր, որ փաստաբանը հրոսակախումբ էր անվանել ոստիկաններին։ Ինստիտուտի նկատմամբ նման վերաբերմունքն առերևույթ իհարկե խնդրահարույց էր»։
Վլադիմիր Գասպարյանը Փաստաբանների պալատին ուղղված դիմումում նշել էր, որ «Ազատության» հետ զրույցում փաստաբանը, մեկնաբանելով «Սասնա ծռեր»-ի գործով դատավարության ընթացքում դատարանի շենքի մոտ հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների գործողությունները, իրավապահ մարմնի հասցեին հնչեցրել է անհարգալից արտահայտություններ:
Հիշեցնենք՝ Շուշանյանն «Ազատության» հետ զրույցում մասնավորապես ասել էր. - «Ոստիկանությունը օրենքից դուրս գործող կառույց է։ Հայաստանի Հանրապետությունում ոստիկանությունն իրավապահ մարմին չէ, զինված հրոսակախումբ է, որը պատրաստ է կատարել ցանկացած հանցավոր հրաման»։