Հունաստանի ոստիկանությունը հայտնել է, որ Սալոնիկ քաղաքի մոտ ձերբակալվել է ռուսաստանցի Ալեքսանդր Վիննիկը, ով մեղադրվում է ֆինանսական մեքենայությունների, մասնավորապես՝ 4 միլիարդ դոլար «լվանալու» մեջ:
Ֆինանսական մեքենայությունները կատարվել են բիթքոյն ինտերնետային արժույթի միջոցով: Բիթքոյնը վիրտուալ արժույթ է, որն օգտագործվում է ապրանքների կամ ծառայությունների դիմաց ինտերնետային վճարման համակարգում: Այն նաև կարող է փոխարկվել այլ արտարժույթի:
38-ամյա Վիննիկը բիթքոյնի փոխանակման BTC կոչվող ծառայություն ունի: Ըստ ոստիկանության՝ 2011-ից նա ինտերնետում ֆինանսական հանցագործություններ է կատարել:
Ռուսաստանցու նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարված:
ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը հուլիսի 26-ին հայտնել է, որ Վիննիկի դեմ Միացյալ Նահանգներում մեղադրանքներ էին առաջադրվել «փողերի լվացման» հոդվածներով: Կալիֆորնիայի դատարանը անցած հունվարին նրան ձերբակալելու սանկցիա էր տվել: