Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին տեսաուղերձ է հրապարակել, որտեղ մեղադրում է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյին իրեն այդ երկրի քաղաքացիությունից զրկելու համար: «Հիմա ցանկանում են ինձ ստիպել փախստականի կարգավիճակ ստանալ: Դա չի լինի, ես չեմ պատրաստվում որևէ տեղ մնալ ու որևէ կարգավիճակ հայցել: Ես կհասնեմ Ուկրաինա վերադառնալու օրինական իրավունքին», - հայտարարել է այս պահին ԱՄՆ-ում գտնվող Սաակաշվիլին:
Նա հայտնել է, որ Պորոշենկոն երկու օր առաջ փոխել է քաղաքացիություն շնորհող հանձնաժողովի կազմը, նոր անդամներ է նշանակել, «որպեսզի ամբողջովին խամաճիկային հանձնաժողովը կատարի իր ցանկությունները»:
Իրեն Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու որոշումը Սաակաշվիլին կապում է Պորոշենկոյի վերջերս Վրաստան կատարած այցի հետ, հայտարարելով, թե Ուկրաինայի նախագահը Վրաստան էր այցելել ոչ թե երկու երկրների միջև հարաբերությունները զարգացնելու, այլ հերթական պայմանավորվածությունների համար, ինչն այս անգամ ձեռք բերվեց երկու օլիգարխիկ ռեժիմների միջև՝ ուկրաինացի Պորոշենկոյի և «Գազպրոմ»-ի մասնավոր բաժնետեր, ռուսամետ Բիձինա Իվանիշվիլիի միջև:
«Ձեր հրամանագրով ստորագրել եք Ձեր ու Ձեր իշխանության պարտությունը: Ինչպես Ձեր նախորդի, Ձեզ մոտ ևս ցանկություն է առաջացել ամեն գնով պահել իշխանությունը: Ուկրաինացիները երկու անգամ հաղթահարել են այդ ժանտախտը և կանգ չեն առնի, քանի դեռ իշխանության չեն բերել իսկապես նոր քաղաքական գործիչների», - հայտարարել է Սաակաշվիլին: