Արմավիրի մարզպետարանում ցնցված են մարզպետի խորհրդականի սպանության լուրից, «Սիմոնյանը թշնամիներ չուներ»

Արմավիրի մարզպետարանի շքամուտքը

Երեկ կեսգիշերին մոտ Արմավիրում սպանված են գտել մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանին։ Ինչպես հաղորդում է քննչական կոմիտեն՝ Սիմոնյանի մարմինը կապկպված վիճակում հայտնաբերվել է Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի մոտ գտնվող «Դալարիկի ձոր» կոչվող տարածքում։ Արմավիրի մարզպետի խորհրդականը մոտ 2 օր կորած էր համարվում: Նրա կինը ոստիկանություն էր ահազանգել ու տեղեկացրել, որ ամուսինը տանից դուրս է եկել հուլիսի 22-ին՝ ժամը 22-23-ի սահմաններում և չի վերադարձել։

Արմավիրի մարզպետարանում ցնցված են 52-այմա խորհրդականի սպանության լուրից: Սիմոնյանն այստեղ աշխատել է 2015-ից սկսած և, ինչպես պնդում են գործընկերները, բնավորությամբ բավական հանգիստ անձնավորություն էր։ Մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ զրուցել չհաջողվեց։ Ղահրամանյանի մյուս խորհրդականն «Ազատությանը» պատմեց, որ Սիմոնյանին վերջին անգամ տեսել է ուրբաթ երեկոյան։ Միասին են դուրս եկել շենքից, տարօրինակ ոչինչ չի նկատել։

«Աշխատանքն ավարտեցինք 18:00-ին, միասին դուրս եկանք, իջանք ներքև, ներքևում էլ հաջող արեցինք ու բաժանվեցինք: Դրանից հետո ես իր հետ ոչ մի կապ չեմ ունեցել: Միայն կիրակի օրը որդին զանգահարեց ինձ, հարցրեց՝ որտեղ ա պապան, տեղյա՞կ եմ, թե չէ: Ասեցի՝ տեղյակ չեմ: Հարցրեցի՝ ի՞նչ ա պատահել, ասեց՝ պապան շաբաթ երեկոյան գնացել ա, ու մինչև հիմա տեղեկություն չունենք»,- պատմեց մարզպետի խորհրդական Արամ Ղահրամանյանը։ Ըստ նրա՝ թեև Սիմոնյանը զբաղվում էր հիմնականում ֆինանսական հարցերով, սակայն թշնամիներ չուներ: Սպանության պատճառը Ղահրամանյանը չի շտապում կապել Սիմոնյանի քաղաքական գործունեության հետ․ «Միշտ ասում էր՝ ես ոչ մի պրոբլեմ չունեմ, ոչ մեկի հետ տալիք-առնելիք չունեմ, ասում էր՝ ամեն ինչ նորմալ ա»:

Թե ով կամ ինչ պատճառով կարող էր դաժանաբար սպանել մարզպետի խորհրդականին, չեն պատկերացնում նաև Սիմոնյանի հարևանները։ Սարդարապատ համայնքի բնակչուհի Շուշանիկ Ասլանյանը խոսքով՝ դեպքի մասին գիտեն միայն այն, ինչ պատմել է Սիմոնյանի կինը։

«Ասում ա՝ ձեն տվեցին, Մանուկը տունն էր, իրա հագուստը փոխեց, կարճ շորտիկով ա եղել․․․ ու իջել գնացել ա: Ժամը 10-ը կամ 10 անց կես ա եղել, կինն էլ չի իջել տեսել՝ ինչ մեքենա է»,- պատմում է հարևանուհին ու շարունակում՝ Սիմոնյանը նաև իր թոռների քավորն է: Գիտի, որ պարտքեր չի ունեցել, անձնական հարցերով խնդիրներ՝ նույնպես։ Մարզպետի խորհրդականը մեկ որդի ունի, մինչև պետական կառույցում աշխատանքի անցնելը եղել է «Պարիտեր-Ինվեստ» ՍՊԸ-ի տնօրենը:

Համակարգչային տեխնիկայով զբաղվող այդ ընկերություն նույնպես այցելեցինք: Գրասենյակում գտնվող երիտասարդը, սակայն, պնդելով, որ ընկերության աշխատակիցը չէ, հրաժարվեց պատասխանել հարցերին։ Ինչպես «Ազատությանը» հայտնեցին քննչական կոմիտեից՝ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ էլ՝ գործի նախաքննությունը տեղափոխվել է Հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության վարույթ։ Մշակվել են աշխատանքային վարկածներ, այժմ քննություն է տարվում դրանք ստուգելու ուղղությամբ։