Շիրակավանցիները գրեթե ողջ գյուղով «բանկերի սև ցուցակում են»

Շիրակի մարզում մի ամբողջ գյուղ վարկերի պատճառով հայտնվել է անելանելի վիճակում: Շիրակավան համայնքի տասնյակ ընտանիքներ տարիներ շարունակ չեն կարողանում մարել գյուղացիական տնտեսությունները զարգացնելու նպատակով բանկերից վերցրած գումարները:

Գյուղի բնակիչներից շատերն էլ՝ անձապես չունենալով վարկային պարտավորություններ, վարկառուի երաշխավորներ են: Ասում են՝ սոցիալական վատ պայմանների պատճառով են գյուղացիները մխրճվել հարյուր հազարավոր դրամների հասնող պարտքերի մեջ:

«Շիրակավանի փոստային բաժանմունք ամեն օր ստացվող նամակների մեծ մասը կամ դատարանից է, կամ ԴԱՀԿ-ից»,- ցույց տալով նամակների տրցակը, ասում է փոստային բաժանմունքի աշխատակից Սոֆյա Ղարիբյանը: Նամակներ ստանում է նաև ինքը, քանի որ գյուղացիներից մեկի համար բանկում երաշխավորություն է տվել։ Վերջինս էլ գումարը չկարողանալով մարել, թողել հեռացել է երկրից: Եվ այժմ նրա փոխարեն երաշխավորն է հայտնվել բանկի «սև ցուցակում»: Ստացած աշխատավարձից էլ բռնագանձում են, ասում է Սոֆյա Ղարիբյանը:

Այդ ցուցակներում արդեն շիրակավանցիների մեծ մասի անուններն են հայտնվել, նրանց թվում ինչպես վարկառուներ են, այնպես էլ երաշխավորներ։ Վերջիններիս շատ է զայրացնում այն, որ երկրից հեռացած վարկառուներին գտնելու, նրանցից գումարը պահանջելու փոխարեն՝ երաշխավորների տունն ու տեղը, հողն ու ավտոմեքենան են կալանքի տակ վերցրել:

Երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող Աշոտ Ռաֆայելյանից նույնիսկ հաշմանդամության 17 հազար դրամ թոշակն են բռնագանձել: Նա ասում է, թե ընդունում է՝ ունի մեղքի իր բաժինը, որ հայտնվել է այս վիճակում։ Նույն վիճակում, ի դեպ, նաև որդին է, ում աշխատավարձից ևս բռնագանձում է կատարվում։ Ռաֆայելյանն ասում է՝ երաշխավորի այս ինստիտուտը «թշնամություն է ստեղծել» նույնիսկ գյուղի «ամենամտերիմ հարազատների մեջև», մինչդեռ՝ «բանկի համար միևնույնն է՝ իր տոկոսների, տույժ ու տուգանքների տերն է»: