Մեկ տարի առաջ վախճանվեց մեր ժողովրդի ամենասիրված երգչուհիներից մեկը՝ Օֆելյա Համբարձումյանը: Այսօր Կոմիտասի անվան Պանթեոնում տեղի ունեցավ նրա հուշաքարի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին նրա ընտանիքի անդամներն ու հարազատները, նրա արվեստի երկրպագուները, նրա գործընկերներն ու այլ արվեստագետներ:
Հուշաքարի հեղինակը քանդակագործ Էմին Պետրոսյանն է:
Կոմիտաս երգող ազգն անմահ է․ մի առիթով ասել է Օֆելյա Համբարձումյանը: Նրա այս խոսքը ընդմիշտ իր տեղն է գտել նրա հուշաքարին:
«Այդքան ճանաչված, այնքան սիրված, այնքան ընդունված էր ինքը ժողովրդի կողմից: Ամեն տեղ սիրված, շատ շիտակ կին էր: Պետք է ասեմ, որ դա մեր ազգային, ազգագրական արվեստի ամենաբարձունքն է, և ես չեմ տեսնում որևէ մեկը, որը կարողանա փոխարինել իրեն: Անկրկնելի է», - «Ազատության» հետ զրույցում ասաց մեր ժողովրդի կողմից սիրված մեկ այլ երգչուհի՝ Ռաիսա Մկրտչյանը:
Ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանն ասաց, որ Օֆելյա Համբարձումյանի հետ համատեղ ստեղծագործական ուղի են անցել ճիշտ 55 տարի․ - «Ինձ համար Օֆելյա Համբարձումյանը դարաշրջան է, ինձ համար Օֆելյա Համբարձումյանը իբրև երգչուհի անզուգական երևույթ է․․․ Ժողովրդական է, ժողովրդի հոգուց է, ժողովրդի համար է, և ժողովրդի գիտակցությունը և ձայնն է արտաբերել ինքը Երևանից մինչև աշխարհի բոլոր անկյունները»:
Օֆելյա Համբարձումյանին հաջորդած նոր ժամանակների սերնդի ներկայացուցիչներից Արթուր Իսպիրյանը բարձր է գնահատում նրա վաստակը․ - «Նոր սերնդի համար Օֆելյա Համբարձումյանի երգը, երգածը պետք է լինի էտալոն: Ժողովրդական երգի աղբյուրը պետք ա դա լինի»:
Այսօր Պանթեոնում տեղի ունեցած արարողությանը ներկա էր Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
«Իմ խորին համոզմամբ, ժողովրդական երգի կատարողական հատվածը որբացավ Օֆելյա Համբարձումյանից հետո, որովհետև նրա կատարումները ես համարում եմ ազգային երգարվեստի ողնաշարը: Եթե որևէ միջազգային հարթակում պետք է ներկայացնենք ժողովրդական երգը, ես կարծում եմ, լավագույնը կլինի, որ այն ներկայացնենք Օֆելյա Համբարձումյանի կատարմամբ», - «Ազատության» հետ զրույցում ասաց նախարարը: