Արդվիում տապալվեց ոսկու արդյունահանման ծրագրի հանրային քննարկումը

Արդվի, 26-ը հուլիսի, 2017 թ․

Լոռու մարզի Արդվի գյուղի բնակիչներն այսօր տապալեցին ոսկու արդյունահանման ծրագիր ունեցող «Միռամ» ընկերության կազմակերպած հանրային լսումները։ Առավոտից գյուղացիները փակել էին գյուղ մտնող ճանապարհը, հայտարարելով՝ մերժելու են հանքարդյունաբերական ցանկացած նախագիծ։

Ճանապարհը բացելու՝ ոստիկանության հորդորները ևս արդյունք չտվեցին։ Մարդիկ հաստատակամ էին․ «Ոչ մի լսում էլ չի լինելու», «Իրանք դրա անունը լսում են դրել, գյուղի տերը մենք ենք, մեր գյուղի տակից պտի հետ գնան», «Դրանց միակ նպատակը մեր գյուղը քանդելն ա, ոչ մի լսում», «Մեր ոսկին մեր բնությունն է, Արդվին հայոց սրբավայր է»,- ասում էին զայրացած արդվեցիները:

«Հեռու՛ Արդվիից» կարգախոսներով բողոքի ելած գյուղացիներն ավելի քան մեկ ժամ ճանապարհը փակ փակեցին միայն «Միռամ» ընկերության ներկայացուցիչների համար, ովքեր այդպես էլ գյուղ չեկան։ Թեև տարածքում շրջող անծանոթ երիտասարդներ կային, որոնք, գյուղացիների ենթադրությամբ, կարող էին հենց Արդվիում ոսկի փնտրող ընկերության աշխատողները լինել։

Հանրային լսումներին մասնակցելու էին եկել նաև բնապահպանության նախարարության աշխատակիցները: Վերջիներս, սակայն, այդպես էլ ավտոմեքենայից դուրս չեկան՝ հրաժարվելով պատասխանել նաև լրագրողների հարցերին։ Թեև բնապահպանության նախարարության հաղորդմամբ՝ սա Արդվիում նախատեսված երկրորդ հանրային քննարկումն էր, թե՛ ավագանու անդամները և թե՛ բնակիչները պնդում են՝ որևէ հանրային լսում ոսկու հանքի վերաբերյալ չի եղել․ «Դա խաբեություն ա»:

Գյուղապետ Սամվել Կիրակոսյանը մի քանի օր առաջ «Ազատությանն» ասել էր՝ ավագանու հինգ անդամներից երկուսը՝ Վաղինակ Վարոսյանն ու Ռոբերտ Վահրամյանը ներկա են եղել առաջին հանրային քննարկմանը։ Մինչդեռ, երկուսն էլ պնդում են՝ ոսկու հանքի վերաբերյալ որևէ քննարկում «ոչ տեսել, ոչ էլ մասնակցել են»։

Արձակուրդի մեջ գտնվող գյուղապետ Սամվել Կիրակոսյանի հետ հեռախոսով կապվել այսօր այդպես էլ չհաջողվեց: Սակայն, գյուղապետարանի հաշվապահ Անդրանիկ Կիրակոսյանը, ով մասնակցում էր բողոքի ակցիային, պնդեց՝ գյուղապետը գյուղացիների հետ է։

Պաշտոնական տվյալներով՝ «Միռամ» ընկերության բաժնետերերից մեկը Վանաձորի «Վերնատուն» ռեստորանային համալիրի տնօրեն Արայիկ Զադոյանն էր: Ռեստորանն էլ պատկանում է խորհրդարանի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին: Այսօր արդեն պետական ռեգիստրում Զադոյանի, ինչպես նաև Վանաձորցի Անահիտ Դանիելյանի բաժնետիրական մասնակցությունը դադարեցված է։

Արայիկ Զադոյանը «Ազատությանն» ասաց, որ հրաժարվել է իր բաժնեմասից, քանի որ որևէ առնչություն չուներ այդ ընկերության հետ։ Ըստ Վահրամ Բաղդասարյանին պատկանող ռեստորանի տնօրենի, «Միռամ» ընկերությունը պատկանում է իր ռուսաստանաբնակ ընկերոջը՝ Համլետ Գևորգյանին։