"Известия". Չի բացառվում, որ առաջիկայում ԵԱՏՄ երկրները քննարկեն միասնական հաշվարկային միավորի հարցը

ԵԱՏՄ անդամ պետությունների դրոշները, արխիվ

Չի բացառվում, որ առաջիկայում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունները քննարկեն միասնական հաշվարկային միավորի ստեղծման հնարավորությունը: Այս մասին այսօր գրում է մոսկովյան "Известия" պարբերականը` հատուկ ընդգծելով, որ խոսքը Եվրասիական միության անդամ պետությունների միասնական արտարժույթ ստեղծելու մասին չէ:

«Զարգացման եվրասիական բանկը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կենտրոնական բանկերին առաջարկել է տարածաշրջանային հաշվարկային միավոր ստեղծել` 1979-1998 թվականներին Եվրոպայում գոյություն ունեցած էքյուի օրինակով: Առայժմ այս գաղափարի հիմնական ջատագովը Ղազախստանն է», - գրում է "Известия"-ն:

Գաղափարի հեղինակների համոզմամբ՝ նոր հաշվարկային միավորը կարող է կիրառվել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարությունների ու բանկերի միջև իրականացվող անկանխիկ ֆինանսական գործողությունների ընթացքում: Դատելով մոսկովյան պարբերականի հրապարակումից` միասնական եվրասիական ֆինանսական մեխանիզմների ստեղծմանը դեմ չեն նաև ԵԱՏՄ ղեկավար կառույցներում աշխատող Հայաստանի ներկայացուցիչները: "Известия"-ն մասնավորաբար մեջբերում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆինանսական քաղաքականության դեպարտամենտի ղեկավար Տիգրան Դավթյանի խոսքերը:

«Հեռանկարում եվրասիական հաշվարկային միավորի ստեղծումը կարող է հանգեցնել ազգային տարադրամների չափաբաժնի ավելացմանը փոխադարձ առևտրի ընթացքում, ինչպես նաև հնարավորություն կստեղծի առավել արդյունավետորեն ղեկավարել արտարժութային հոսքերը», - նշել է Տիգրան Դավթյանը, որը նախկինում աշխատել է Հայաստանի կենտրոնական բանկում` որպես Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավար, իսկ 2008-2016 թվականներին հանդիսացել է «Կոնվերս» բանկի ղեկավարներից մեկը:

Մոսկվացի փորձագետների մի մասի պնդմամբ, սակայն, Եվրասիական տնտեսական միության հաշվարկային միավորի ստեղծումը պետք է դառնա ֆինանսական շուկաների միավորման առաջին փուլը:

«Տարածաշրջանային հաշվարկային միավորի զարգացումը իրական իմաստ կունենա միայն մի դեպքում` եթե հետագայում այս մեխանիզմին մասնակցող պետությունները սկսեն շարժվել դեպի արտարժութային միության ստեղծումը», - "Известия"-ի հետ զրույցում նշել է Մոսկվայում գործող АКРА հետազոտական խմբի փորձագետ Դմիտրի Կուլիկովը:

"Известия"-ն, ի դեպ, նշում է, որ Եվրասիական տնտեսական միության միասնական հաշվարկային միավորի ստեղծման գաղափարին Ռուսաստանի իշխանությունները վերաբերվում են առանց մեծ ոգևորության:

«Ռուսաստանի կենտրոնական բանկում կարծում են, որ տարածաշրջանային արտարժույթի դեր պետք է կատարի ռուբլին, և նորը հորինելու կարիք չկա», - թերթին է փոխանցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին մոտ կանգնած աղբյուրը, որը, սակայն, չի ցանկացել հրապարակել իր ինքնությունը:

«Դրա հետ մեկտեղ, Ռուսաստանի կենտրոնական բանկում ազնվորեն խոստովանում են, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ռուբլով առևտուրը իրականացվում է բացառապես Ռուսաստանի հետ երկկողմ գործարքների ժամանակ: Միության անդամ մյուս պետությունները միմյանց հետ առևտուրն իրականացնում են դոլարով», - գրում է "Известия"-ն: