«Ելքը» Փոստանջյանին հորդորում է «դադարեցնել վհուկների որսը»

Ալեն Սիմոնյան, արխիվ

Ընդդիմադիր «Ելք» դաշինքը Զարուհի Փոստանջյանին հորդորում է դադարեցնել իրենց անդամների նկատմամբ սկսած «վհուկների որսը», շեշտելով ՝ դա որևէ լավ բանի չի հանգեցնի:

Երեկ «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն «Ազատության» հետ զրույցում համոզմունք էր հայտնել, թե «Սերժ Սարգսյանը «Ելքի» միջոցով փորձում է վերահսկել ըմբոստ ժողովրդին»: Փոստանջյանի խոսքով՝ Սարգսյանի՝ 2018-ի ապրիլից հետո վարչապետ դառնալու ծրագիրը խափանելու մասին «Ելքի» հայտարարությունները նույնպես ուղղորդվում են իշխող Հանրապետականի ղեկավարի կողմից:

«Հասկանում ենք «Ելքը» ում խոսափողն է, ինչու է անում նման հայտարարություն և ինչու մի քանի տարի առաջ նման հայտարարություններ հենց «Ելքից» [ՔՊ-ից] չէին անում: Ընդհակառակը՝ ասում էին, որ դա կեղծ օրակարգ է: Հետևաբար հավատալ և միամիտ լինել մենք չենք կարող: Այսօրվա գործող համակարգում ընդգրկված մի խումբ է այն, այդ նույն «Ելքն» այս համակարգի մի բաղկացուցիչ մասն է»,- ասել էր Զարուհի Փոստանջյանը:

«Ելք» դաշինքի ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանը, մինչդեռ, հակադարձում է՝ ընդդիմադիր դաշտում վհուկների որս կազմակերպելը միմիայն նպաստում է իշխանությունների դիրքերի ամրապնդմանը: «Ընդդիմադիր դաշտում վհուկների որս կազմակերպելով որևէ բանի չենք հասնի, և նույն Սերժ Սարգսյանը որևէ մտահոգություն ու գործողություն անելու իմաստ չի տեսնի:

Տիկին Փոստանջյանն իր գործունեության ընթացքում մեկ «Ժառանգության» մեջ էր դրանով զբաղվում, հիմա «Ելքով» է զբաղվում, իր կուսակցության մեջ հենց առաջին նիստից հետո սկսեց զբաղվել վհուկների որսով: Այդ պրոցեսը պետք է մի պահ ավարտել և զբաղվել ընդդիմադիր գործունեությամբ, որը չի ենթադրում միայն էմոցիոնալ պոռթկումներ և գուցե խիզախ գործողություններ, այլ պարունակում է կոնկրետ քայլեր, որոնք կբերեն իշխանափոխության: Այլ ոչ թե կբերեն միայն խոսակցությունների և էմոցիաներ դուրս թողնելուն՝ գնանք նախագահականի դիմաց կանգնենք, բղավենք, վիրավորենք և գնանք տներով՝ որևիցէ բան չփոխելով»,- այսօր «Ազատության հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը:

Հարցին՝ ինպե՞ս կբացատրեք հանգամանքը, որ «Ելքի» անունը պարբերաբար կապվում է իշխանությունների հետ, Սիմոնյանը պատասխանեց․ «Երրորդ հանրապետության պատմության մեջ չկա որևէ ընդդիմադիր ուժ, որն իր գործունեության պիկին հասնելու ժամանակ նման մեղադրանքներից խուսափել է: Սա նույն գործելաոճն է, որը, կրկնեմ, որևէ դրական փոփոխության չի բերի»:

Արձագանքելով հարցադրմանը՝ ինչու՞ է «Ելքը» միայն հիմա խոսում Սերժ Սարգսյանի վերարտադրվելու ծրագիրը խափանելու մասին․ սահամանդրական փոփոխությունների իրականացման շրջանում դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանն այն համարում էր կեղծ օրակարգ, այն դեպքում, երբ հենց այդ փոփոխությունները Սարգսյանին կարող են հնարավորություն տալ պահպանել իշխանական լծակները նաև 2018-ից հետո, Ալեն Սիմոնյանը շեշտեց՝ Սերժ Սարգսյանին որևէ բան չէր խանգարում՝ պահել իշխանությունը նաև գործող Սահամանադրության պայմաններում: Մասնավորապես, Ռուսաստանի օրինակով Սարգսյանը կարող էր զբաղեցենել վարչապետի պաշտոնը, ապա՝ կրկին վերադառնալ նախագահի աթոռին :

«Սերժ Սարգսյանը կարող է վերարտադրվել նաև այս պահին դեռ գործող Սահմանադրությամբ, և դա իրավաբանական աքսիոմ է: Ի՞նչ կատարվեց՝ այն բոլոր ուժերը, որոնց Սարգսյանը տարավ սահմանադրական բարեփոխումների «ոչ»-ի ճամբար և ջախջախեց, չկարողացան մասնակցել խորհրդարանական ընտրություններին: Մենք դա կանխատեսում էինք: Եվ դա իրոք կեղծ օրակարգ էր»,- նշեց «Ելքի» անդամը:

Ալեն Սիմոնյանին նաև հարցրեցինք՝ քանի որ «Ելքում» կարծում են, որ իշխող ՀՀԿ-ի ղեկավար Սերժ Սարգսյանը նախագահի լիազորությունները վայր դնելուց հետո ցանկանում է զբաղեցնել արդեն վարչապետի պաշտոնը, և դաշինքից հայտարարություններ են հնչում, թե պետք է խափանել այդ ծրագիրը, անհրաժեշտության դեպքում նաև մոբիլիզացնելով ժողովրդին, արդյո՞ք այդ հարցով ժողովուրդը պատրաստ է փողոց դուրս գալ: Նաև հիշեցրինք՝ ի վերջո, անգամ խորհրդարանական ընտրություններում Սերժ Սարգսյանի ղեկավարած ՀՀԿ-ի հաղթանակից հետո մարդիկ փողոց դուրս չեկան, ինչի մասին իր վերջին հարցազրույցում շեշտել էր հենց ինքը՝ նախագահ Սարգսյանը:

«Ձեր ասած ժողովուրդը, կամ մի մասը, չեմ ուզում ընդհանրացնեմ, այդ գումարը, որ վերցրել էր քվեարկելու համար, վերցրել էր ոչ միայն քվեարկելու համար, այլ նաև փողոց դուրս չգալու համար: Դրա համար էլ դուրս չեկան: Ես չգիտեմ, թե հետագայում ինչու պետք է մարդիկ դուրս գան փողոց, դա ժողովուրդը պետք է որոշի:

Մենք միայն ժողովրդի որոշումն ի կատար ածողներն ենք: Ցավոք սրտի՝ ես համոզված չեմ, որ այս [Սերժ Սարգսյանի կողմից իշխանությունը պահելու] հարցը մարդկանց դուրս կբերի փողոց: Բայց նշեմ՝ բացառված է, որ իշխանափոխության հնարավորություն լինի, և «Ելքը» այնտեղ չլինի: Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ «Ելքի» համար անընդունելի է որևէ պաշտոնում Սերժ Սարգսյանի պաշտոնավարման շարունակումը: Եվ մենք անելու ենք հնարավորը՝ որպեսզի դա բացառենք»,- պատասխանեց Ալեն Սիմոնյանը: