Թրամփը հերթական անգամ զգուշացնում է Իրանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը ասուլիսի ժամանակ, Վաշինգտոն, 25-ը հուլիսի, 2017թ․

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Իրանին ևս մեկ անգամ զգուշացրել է՝ կատարել գերտերությունների հետ կնքած միջուկային համաձայնագիրը, հակառակ դեպքում Թեհրանին սպառնալով «մեծ, մեծ խնդիրներով»:

«Պատժամիջոցների մեղմացման համար փոխանակ շնորհակալ լինի, Իրանն ավելի է ագրեսիվացել», - հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Տևական բանակցություններից հետո 2015 թվականի հուլիսի 14-ին Իրանը և վեց գերտերությունները համաձայնագիր կնքեցին: Պատմական որակվող այդ համաձայնությամբ նախատեսվում է Իրանի միջուկային ծրագրերի սահմանափակում՝ միջազգային պատժամիջոցների մեղմացման դիմաց։ Դրանից հետո սկսվեց պաշտոնական Թեհրանի դեմ տասնամյակներ առաջ սահմանված պատժամիջոցների աստիճանական վերացումը։

Անցած շաբաթ ԱՄՆ վարչակազմը հաստատել էր, որ Իրանը հետևում է միջուկային համաձայնագրի պայմաններին, միևնույն ժամանակ պնդելով, որ Թեհրանը խախտում է պայմանագրի ոգին: