Թրամփի վարչակազմը քննարկում է Ուկրաինային զենք-զինամթերք տրամադրելու հարցը

Քուրթ Վոլքերը Ավդեևկայում, 23-ը հուլիս, 2017թ.

Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է Ուկրաինային զենք-զինամթերք տրամադրելու հարցը՝ ռուսական ագրեսիայից պաշտպանվելու համար, «Ազատության» “Настоящее врем” ծրագրին տված բացառիկ հարցազրույցում ասել է Պետդեպարտամենտի՝ Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քուրթ Վոլքերը։

Բարձրաստիճան դիվանագետն ընդգծել է՝ պնդումները, թե դա կարող է սադրել Ռուսաստանին, հիմնավոր չեն:

«Նախ, Ռուսաստանն արդեն Ուկրաինայում է՝ ծանր զինատեսակներով։ Հիմա Ուկրաինայի տարածքում ավելի շատ ռուսական հրասայլ կա, քան Արևելյան Եվրոպայի երկրներում միասին վերցրած: Ռուսների ռազմական ներկայությունն այնտեղ շատ-շատ ծանրակշիռ է: Դրանից ավելի մեծ զորախումբ էլ տեղակայված է ռուս-ուկրաինական սահմանին: Ռուսները գիտեն, որ շատ հզոր են, ուկրաինացիներն էլ գիտեն, որ ռուսները հզոր են: Այնպես որ, Ուկրաինային զենքի տրամադրումը չի կարող փոխել ուժերի այս հավասարակշռությունը կամ սադրել Ռուսաստանին՝ անել մի բան, որ դեռ չի արել», - ասել է նա։

Վոլքերը նախորդ վարչակազմերի օրոք Վաշինգտոնի դեսպանն էր ՆԱՏՕ-ում։ Նա հայտնի էր Ռուսաստանի նկատմամբ իր կոշտ դիրքորոշմամբ և հանրապետական ազդեցիկ սենատոր Ջոն ՄըքՔեյնի հետ սերտ կապերով, ով ռուս-ուկրաինական հակամարտության առաջին օրից պնդում է՝ Վաշինգտոնը պետք է զենք տրամադրի Կիևին:

Նախորդ՝ Բարաք Օբամայի վարչակազմը չգնաց այդ քայլին, թեև ստացել էր Կոնգրեսի երկու պալատների աջակցությունը, մինչդեռ նոր վարչակազմը քննարկում է այդ հարցը, որպեսզի հնարավորություն տա Ուկրաինային ամրապնդել իր պաշտպանությունը, ասել է Պետդեպարտամենտի հատուկ ներկայացուցիչը:

«Մենք դեռ քննարկում ենք հարցը: Եթե մենք նման որոշում կայացնենք, դա հնարավորություն կտա Ուկրաինային պաշտպանել ինքն իրեն ռուսական նոր ագրեսիայի դեպքում: Ռուսաստանն ասում է, որ նման բան չի անում և չի էլ պատրաստվում: Եթե այդպես է, ուրեմն պաշտպանական զինատեսակների տրամադրումը կողմերից որևէ մեկի համար վտանգ չի ներկայացնում», - ասել է Քուրթ Վոլքերը:

Ամսվա սկզբին պաշտոնը ստանձնած դիվանագետը օրերս մեկնել էր Ուկրաինա և շփման գոտում մի քանի օր անցկացնելուց հետո հայտարարել՝ այս հակամարտությունը ամենևին էլ սառեցված չէ, այստեղ թեժ պատերազմ է, որն անհրաժեշտ է օր առաջ կարգավորել:

«Այս տարի, նախորդի համեմատ ավերածություններն ավելացել են 65 տոկոսով, միայն անցած մեկ շաբաթվա ընթացքում տասը ուկրաինացի զինվոր է սպանվել, տուժել են նաև խաղաղ բնակիչներ: Ավդեևկան մի քանի օր զրկված էր ջրից ու էլեկտրաէներգիայից՝ շարունակական ռմբակոծությունների պատճառով։ Ընդ որում, տուժում են երկու կողմերն էլ, սահմանի երկու կողմում էլ մարդիկ տառապում են: Սա շատ թեժ հակամարտություն է՝ աղետալի հետևանքներով, և հրատապ է, որ մենք քայլեր ձեռնարկենք՝ այն դադարեցնելու համար», - ասել է բարձրաստիճան դիվանագետը:

Ակնկալվում է, որ առաջիկա օրերի Վոլքերը հանդիպումներ կունենա եվրոպացի գործընկերների հետ, ապա իր այցի ադյունքները կներկայացնի պետքարտուղարին՝ Ուկրաինայի հարցում Վաշինգտոնի հետագա քաղաքականությունը ճշգրտելու համար:

«Մենք պետք է ռազմավարական շատ ավելի բարձր նշանակություն տանք այս հարցին՝ մեծացնելով Նահանգների դերակատարությունը», - պնդել է նա՝ ընդգծելով, որ նաև այդ պատճառով է Թրամփի վարչակազմը որոշել հատուկ ներկայացուցիչ ունենալ Ուկրաինայի հարցով։

Դիվանագետն ընդգծում է, որ գործող վարչակազմի համար այս հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքները հստակ են:

«Մենք պետք է վերականգնենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, պետք է անվտանգություն և ապահովություն տրամադրենք Ուկրաինայի բոլոր քաղաքացիներին՝ անկախ նրանց ազգային ու կրոնական պատկանելիությունից», - ասել է Վոլքերը:

Ընդ որում, Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը վստահ է՝ այս նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է ոչ միայն ուժի մեջ թողնել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները, այլև դրանք էլ ավելի խստացնել: «Սահմանափակումները տալիս են իրենց արդյունքը, և պետք է շարունակել այդ քաղաքականությունը», - ասել է Պետդեպարտամենտի՝ Ուկրաինայի հարցով հատուկ ներկայացուցիչը։

«Ամեն անգամ, երբ հանդիպելիս ռուսներն ասում են՝ «հանեք պատժամիջոցները, հանե՛ք սահմանափակումները», և մենք գիտենք՝ նրանք խոսում են այս մասին, քանի որ դրանք իսկապես ազդում են Ռուսաստանի վրա: Եվ, եթե դրանք մինչ օրս արդյունավետ չեն եղել, չի նշանակում, որ մենք պետք է ետ կանգնենք այդ գծից, պետք է ընդամենը մտածել՝ էլ ինչ կարող ենք անել, որպեսզի հասնենք մեր նպատակին և լուծենք այս խնդիրը», - ասել է Վոլքերը։

Պաշտոնական Կրեմլը հարցազրույցից ժամեր անց քննադատել է Միացյալ Նահանգների կողմից Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությանը։ «Դոնբասում իրավիճակը սադրող ցանկացած քայլ էլ ավելի կձգի հակամարտության կարգավորումը Արևելյան Ուկրաինայում», -հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը: