Թուրքիան հաստատակամ է ռուսաստանյան S-400 տիպի հակաօդային համակարգերի ձեռք բերման հարցում

Չնայած Վաշինգտոնից հնչող զգուշացումներին, Թուրքիան կրկին վերահաստատում է ռուսաստանյան արտադրության S-400 տիպի հակաօդային համակարգերի ձեռքբերման իր հաստատակամությունը:

Այս մասին երկուշաբթի երեկոյան Անկարայի «Էսենբողա» օդանավակայանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը:

«Ի՞նչու են Ամերիկայում մտահոգվել S-400 տիպի հակաօդային համակարգերի ձեռք բերման հեռանկարից: Չէ՞ որ ցանկացած պետություն պետք է հստակ քայլեր ձեռնարկի սեփական անվտանգությունն ապահովելու նպատակով», - լրագրողների հետ զրույցում նշել է Էրդողանը` հատուկ ընդգծելով, որ հակաօդային պաշտպանության համակարգի արդիականացման շուրջ ռուսաստանյան կողմի հետ տարվող բանակցությունները գրեթե ավարտված են:

Էրդողանի այս հայտարությունները յուրատեսակ պատասխանն էին Միացյալ Նահանգների Զինված ուժերի շտաբերի պետերի միացյալ կոմիտեի ղեկավար, գեներալ Ջոզեֆ Դանֆորդի` կիրակի օրը արտահայտած մտահոգությանը: Կոլորադո նահանգի Ասպեն քաղաքում կազմակերպված համաժողովի ընթացքում ամերիկացի գեներալը հայտարարել էր․ - «Եթե Թուրքիան ի վերջո որոշի Ռուսաստանից ձեռք բերել S-400 համակարգերը, ապա դա Միացյալ Նահանգներում չի կարող մտահոգության տեղիք չտալ»:

Ամերիկյան կողմը նաև նշում է, որ ռուսաստանյան արտադրության այդ սպառազինությունը գրեթե անհնարին է ինտեգրել Հյուսիսատլանտյան դաշինքի հակաօդային պաշտպանության միասնական համակարգում:

Վաշինգտոնից հնչող այս պնդմանը Ռեջեպ Թայիփ Էրդողանն անդրադարձավ մի քանի ժամ առաջ «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստի ընթացքում․ - «ՆԱՏՕ-ի անդամ պետություններից մեկը` Հունաստանը տարիներ շարունակ արդեն օգտագործում է Ռուսաստանում արտադրված S-300 տիպի հակաօդային պաշտպանության համակարգերը: Որևէ մեկին դաշինքում դա կարծես չէր մտահոգել: Ամեն դեպքում, ես հույս ունեմ, որ շատ շուտով մենք կտեսնենք S-400 համակարգերը մեր երկրում: Որոշ փաստաթղթեր արդեն իսկ ստորագրվել են»:

Էրդողանը նաև նշել է, որ սրանք հակաօդային պաշտպանության հենց այն համակարգերն են, որ անհրաժեշտ են Թուրքիայի ներկա փուլում․ - «Տարիներ շարունակ մենք նման հակաօդային համակարգեր էինք որոնում»:

Թուրքական կառավարությանը մոտ կանգնած պարբերականներից մեկը` Yeni Safak-ը, այսօր որոշ մանրամասներ է հաղորդել Թուրքիայի կողմից հակաօդային պաշտպանության ժամանակակից համակարգերի ձեռք բերման շուրջ տարվող բանակցությունների մասին:

«Մի քանի տարի առաջ Թուրքիան բանակցություններ էր վարում Չինաստանի հետ՝ նպատակ ունենալով ձեռք բերել այդ երկրում արտադրված հակաօդային պաշտպանության համակարգերը: Միացյալ Նահանգները սակայն հայտարարեցին, որ դրանք արտադրող չինական ընկերության դեմ պատժամիջոցներ են սահմանված, և գործարքը կնքելու դեպքում դրանք տարածվելու են նաև Թուրքիայի վրա», - գրում է Yeni Safak-ը` պնդելով, որ պաշտոնական Վաշինգտոնի հիմնական նպատակն է, որպեսզի Թուրքիան ձեռք բերի ամերիկյան արտադրության Patriot տեսակի հրթիռային համակարգերը: - «Դրանք սակայն ավելի թանկ են քան S-400 համակարգերը, բացի այդ ամերիկյան կողմը պահանջում է, որպեսզի Patriot-ների շահագործման ժամկետը սահմանափակվի, ինչի ավարտին դրանք կրկին կվերադարձվեն ամերիկյան կողմին»: