ԵՄ դեսպանները վաղը քննարկելու են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդլայնման հարցը

Եվրամիության դեսպանները հուլիսի 26-ին քննարկելու են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդլայնման հարցը՝ «Սիմենս»-ի հետ կապված սկանդալի պատճառով։ Այս մասին Թվիթերում գրել է «Ազատություն» ռադիոկայանի Բրյուսելի թղթակիցը։

Հիշեցնենք, «Սիմենս» կոնցեռնի չորս գազային տուրբինները, ի հեճուկս գործող պայմանագրի, Ռուսաստանի տարածքից բռնակցված Ղրիմ են տեղափոխվել։

«Եվրամիության երկրների դեսպանները քննարկելու են, թե արժե չորս անձի ևս ընդգրկել ռուսաստանյան պատժամիջոցների ցանկանում՝ Ղրիմում տուրբինների հետ կապված սկանդալի պատճառով», - գրել է «Ազատության» թղթակիցը։

Նախօրեին Գերմանիան Բրյուսելին կոչ է արել ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը՝ պնդելով, որ գերմանական ընկերության չորս գազային տուրբինները, որոնք 2016 թվականի ամռանն առաքվել են Կրասնոդարի երկրամաս, ապօրինաբար տեղափոխվել են Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմ, ինչը պայմանագրի և Եվրամիության կանոնների կոպիտ խախտում է:

Բեռլինը ձգտում է ևս չորս իրավաբանական և ֆիզիկական անձանց դեմ պատժամիջոցներ սահմանել՝ արգելելով նրանց մուտքը Եվրամիության տարածք կամ սառեցնելով նրանց հաշիվները ԵՄ-ի տարածքում։

Առայժմ մինչև սեպտեմբեր գործող սահմանափակումների այդ փաթեթը ընդգրկում է 150 անձի և 37 ընկերությունների։

Ավելի վաղ գերմանական իշխանությունները հայտարարել էին, որ «Սիմենս»-ի հետ կապված սկանդալն էլ ավելի է սրելու երկու երկրների հարաբերությունները։