«Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգում շատ լավ արդյունքներ ունենք», - այսօր «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ նշելով, որ համակարգի ներդրման օրվանից ֆոնդերի կառավարիչների կողմից կատարված աշխատանքների արդյունքում 30 տոկոսից ավելի եկամտաբերություն կա։
«Այսօր մենք ունենք համակարգի ավելի քան 170 հազար մասնակից, որից 70 հազարն է պետական աշխատող, իսկ ավելի քան 100 հազարը մասնավոր՝ ոչ-պետական հատվածի աշխատողներն են։ Համակարգում կուտակված գումարները, եթե չեմ սխալվում, շուրջ 80 միլիարդ դրամի կարգի են։ Եվ շատ հետաքրքրող հարց մեր քաղաքացիներին, թե «արդյո՞ք այդ գումարները ներդրվում են տնտեսության մեջ, որքանո՞վ է ազդեցություն ունենում տնտեսության զարգացմանը», եթե չեմ սխալվում, 72 տոկոսը կամ դրանից ավելին ներդրված է Հայաստանի Հանրապետությունում տարբեր գործիքներում, դա բերում է նաև երկարաժամկետ փողերի, գումարի նվազեցման, իսկ մյուս գումարները նաև ներդրվում են դրսերում, որպեսզի հնարավոր լինի նաև այլ երկրներում, շատ հայտնի ֆիրմաների կողմից իրականացվող աշխատանքների արդյունքում եկամուտները բերել մեր մասնակիցներին բաշխելու», - ասաց նախարարը։
Նշենք, որ Պարտադիր կուտակային կենսաթոշակային փոփոխությունների մասին օրենքն ամբողջովին ուժի մեջ կմտնի 2018 թվականի հուլիսի 1-ից և կտարածվի 1974 թվականի հունվարի 1-ից ծնված աշխատող քաղաքացիների վրա։
Օգտատերերից մեկի դիտարկմանը, որ նախարարության ենթակայության հաստատություններում արձանագրվում են կոռուպցիայի փաստեր, հանրության շրջանում դժգոհություններ կան կենսաթոշակային ծառայության աշխատանքից, սակայն նախարարության աշխատաոճը չի փոխվում, և հարցին թե որն է իր երկարակեցության գաղտնիքը, Ասատրյանը արձագանքեց․ - «Համակարգում իսկապես լրջագույն բարեփոխումներ են իրականացվում, և դա վերջին տարիների մեր քաղաքականությունն է: Եվ եթե մենք խոսում ենք որևէ խնդրի մասին, պիտի առաջին հերթին ամրագրենք՝ անկախ նրանից ցանկանում ենք թե ոչ, որ այն խնդիրները, որոնք վեր են հանվում, դրանք առաջին հերթին մեր կատարած աշխատանքների արդյունք են: Քանի որ երբևէ մենք չենք թաքցրել համակարգում որևէ խնդիր կամ փորձել որևէ ձևաչափով այդ խնդիրներին չանդրադառնալ: Ավելին, որքան որ մենք ներդնում ենք համակարգեր, այնքան այդ համակարգերը սկսում են ավելի առարկայական արդյունքներ ապահովել, և բնականաբար, այն արդյունքները, որոնք դրական իմաստով լինում են, դրանք երբևէ չեն հիշվում, դրանք շատ արագ դառնում են առօրեական, սովորական, և դա այդպես էլ պետք է լինի: Այն խնդիրները, որոնք որ բացասական ազդակով են լինում, անընդհատ դրանց մասին խոսվում է: Հասարակական վերահսկողության մեխանիզմները, ես կարծում եմ, որ շատ կարևոր են: Ընդհանրապես կառուցողական քննադատությունը միշտ համարել եմ շատ կարևոր»:
Մեկ այլ օգտատիրոջ հարցին, թե արդյոք ինքը որպես նախարար պատասխանատվություն կրում է իր ղեկավարած ոլորտում տեղի ունեցած կոռուպցիոն դրսևորումների, յուրացումների համար, և արդյո՞ք ճիշտ չի համարում հրաժարական ներկայացնելը, Ասատրյանը պատասխանեց․ - «Երբևէ պաշտոն զբաղեցնելը ինձ համար նպատակ չի եղել և չի: Եվ այն ժամանակահատվածը, որի ներքո մեր որևէ պետական պաշտոնյայի աշխատանքները, ես վստահ եմ, որ առաջին հերթին ուղղված են և ուղղված են լինելու մեր երկրի քաղաքացիներին հուզող խնդիրների լուծմանը: Պաշտոնը որպես միջոց օգտագործելով երկրի հզորացման ուղղությամբ աշխատանքների կատարմանն ու համակարգերի ներդրմանը, ինստիտուցիոնալացմանը, որպեսզի անձեր փոփոխությունով որևէ բան պայմանավորված չլինի, ես վստահ եմ, որ օր առաջ մեր երկիրը շատ ավելի բարեկեցիկ կդարձնենք»: