Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու խաբեությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարած անձի ինքնությունը:
«Հունիսի 29-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 12:00-ին, Երևան քաղաքում գտնվող հյուրանոցներից մեկում, նախնական պայմանավորվածության համաձայն՝ մի տղամարդուց գնել է 480 գրամ քաշով ոսկյա ձուլակտոր, սակայն պարզվել է, որ այն ոսկուց չէ: Նախնական տվյալներով՝ քաղաքացուն պատճառվել է 16.000 ԱՄՆ դոլարին համարժեք 7.680.000 ՀՀ դրամի վնաս», - հաղորդում է Քննչական կոմիտեն:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ «առանձնապես խոշոր չափերով խարդախություն», որով նախաքննությունն իրականացվում է Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:
Քննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնին են ներկայացվել լուսանկարներ, որտեղ պատկերված տղամարդուց, ըստ տուժած քաղաքացու, ձեռք է բերել կեղծ ոսկյա ձուլակտորը։ Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ լուսանկարներում պատկերված միջին տարիքի տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ։