Բաքվում ՌԴ դեսպանատունը կաջակցի Լապշինին արտահանձնման դիմումի դեպքում

Բելառուսից Ադրբեջան տեղափոխված Ալեքսանդր Լապշինը Բաքվի օդանավակայանում, 7-ը փետրվարի, 2017թ․

Բաքվում Ռուսաստանի դեսպանատունն անհրաժեշտ աջակցություն կցուցաբերի Ադրբեջանում ազատազրկման դատապարտված Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի հանդիսացող բլոգեր Ալեքսանդր Լապշինին, եթե նա արտահանձնման համար դիմում ներկայացնի: Այս մասին ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությանը հայտնել է Ադրբեջանում ռուսական դեսպանատան մամուլի խոսնակ Դենիս Ապաշկինը:

«Դեսպանատունը կապի մեջ է Լապշինի փաստաբանի և հարազատների հետ: Մեզ իրավունք չենք վերապահում մեկնաբանելու ադրբեջանական դատարանի որոշումը: Դեսպանատունը հետագայում էլ իր իրավասության շրջանակներում մասնակից է լինելու Լապշինի իրավունքների պաշտպանությանը», - հայտարարել է Ապաշկինը:

Օրեր առաջ էլ Ռուսաստանի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Տատյանա Մոսկալկովան էր հայտարարել, թե Լապշինի արտահանձնման հարցով այժմ բանակցություններ են ընթանում:

Անցած շաբաթ Բաքվի դատարանը Լեռնային Ղարաբաղ այցելելու համար երեք տարվա ազատազրկման է դատապարտել բլոգերին:

Ռուսաստանի, Իսրայելի և Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող Լապշինը ձերբակալվել էր անցյալ տարվա դեկտեմբերին Մինսկում՝ ադրբեջանական իշխանությունների պահանջով: Ձերբակալությունից շուրջ մեկ ամիս անց Բելառուսի իշխանությունները նրան արտահանձնել էին Ադրբեջանին: