Ապրիլյան պատերազմի օրերին ադրբեջանցիների կողմից խոշտանգված զինվորականների և խաղաղ բնակիչների, ինչպես նաև պատերազմի հետևանքով տեղահանված խաղաղ բնակիչների գործերով 359 հայց է ներկայացված Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)։ Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանն «Ազատության» հարցին ի պատասխան ասաց, որ դրանցից ավելի քան 20-ը արդեն կոմունիկացվել է՝ քննության փուլում է։
Քննության ընթացքում գտնվող երկու տասնյակից ավելի հայցերով Ստրասբուրգի դատարանն արդեն հարցեր է ուղղել Ադրբեջանին, խնդրելով որոշակի տեղեկություններ հաղորդել՝ մասնավորապես, թե ինչ հանգամանքներում են զոհվել զինվորները կամ խաղաղ բնակիչները, որոնց մարմինները խոշտանգված են եղել։
«Մենք ակնկալում ենք իրավական պաշտպանության արդարացի փոխհատուցում՝ դա կարող է լինել և՛ խախտումը ճանաչել, և՛ հետագայում արդեն նյութական փոխհատուցում՝ նյութական վնասի, բարոյական վնասի դիմաց: Բայց առաջին հերթին դեռ պետք է հասնել նրան, որ Եվրոպական դատարանը ճանաչի, որ տեղի է ունեցել խախտում», - ասաց միջազգային իրավունքի մասնագետը:
Ղազարյանը նշեց, որ Ստրասբուրգի դատարանից պահանջում են ընդունել Ադրբեջանի կառավարության կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածների խախտումները, ինչպես նաև գույքային փոխհատուցում տալ տուժածներին։ Ադրբեջանը ազգային խտրականություն է դրսևորել՝ կյանքից զրկել, խոշտանգել է հայ զինվորներին և խաղաղ բնակիչներին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանին ուղղված դիմումներում գրել են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի քաղաքացիները։
«Մասնավորապես, պատկերացրեք՝ բնակիչը իր նամակում մեզ գրում է, ասում է՝ «մենք արդեն վաղուց է, որ քնելուց մեր անձնագրերը, երեխաների ծննդյան վկայականները դնում ենք փոքրիկ պայուսակների մեջ և դրանք կախում ենք բռնակից դռան»: Պատկերացնո՞ւմ եք էդ մարդկանց վիճակը, այսինքն՝ իրենք ամեն օր սպասում են ռմբակոծության՝ որպեսզի կարողանան դուրս գալ և վերցնեն հենց առաջին իրերը և նետվեն դուրս», - ասաց Արա Ղազարյանը:
Ստրասբուրգի դատարանում քննվող գործերի շարքում են գլխատված երեք զինվորականների գործը, Վալերի և Ռազմելա Խալափյանների սպանությունները։
Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղումադրբեջանական դիվերսիոն խմբի կողմից դաժանաբար սպանվել և անարգանքի էին ենթարկվել Խալափյան ընտանիքի երեք տարեց անդամները, որոնցից ամենաավագը 92 տարեկան էր։
Լեռնային Ղարաբաղի դատախազության տվյալներով, ընդհանուր առմամբ՝ քառօրյա պատերազմի ժամանակ Պաշտպանության բանակի 19 զինծառայողների սպանության և նրանց մարմինների խոշտանգումների կապակցությամբ հարուցվել էր 6 քրեական գործ։
3 առանձին քրեական գործեր էին հարուցվել՝ 19-ամյա եզդի զինծառայող Քյարամ Սլոյանի, վարորդ Հրանտ Ղարիբյանի և 31-ամյա մայոր Հայկ Թորոյանի գլխատման փաստերով։ Ընդ որում, փորձաքննությունների արդյունքների համաձայն՝ Սլոյանն ու Ղարիբյանը գլխատվել են մահից հետո, մինչդեռ Թորոյանին ադրբեջանցիները գլխատել են կենդանության օրոք։
Լեռնային Ղարաբաղի դատախազությունը տեղեկացրել էր նաև, որ 15 հայ զինծառայողների ականջները կտրված են եղել, մի քանիսի դեպքում կտրված են եղել մատները, հանված են եղել աչքերը:
Թե՛ միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը և թե՛ Հայաստանի նախկին և ներկա, ինչպես նաև Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպաններն այսօր լրագրողների հետ հանդիպմանը պնդեցին՝ միջազգային հանրությունը պետք է հասցեական գնահատական տա Ադրբեջանի գործողություններին։
Հայաստանի նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը շեշտեց՝ Ադրբեջանի այս արարքները պետք է որակվեն որպես ռազմական հանցագործություն։
«Եվ դա պետք է բնութագրվի ինչպես ուղղակի այս ոչ-պատերազմական իրավիճակում հանցագործություններ։ Դա կարող է գնահատվել հետո՝ թե դա խաղաղ բնակչության դեմ է, թե մարդասիրության դեմ է, թե մարդկության դեմ է», - ասաց Ալավերդյանը։
Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը, ով ապրիլյան պատերազմի օրերին տեղի ունեցած խախտումների վերաբերյալ զեկույց է հրապարակել, ընդգծում է, եթե լիներ միջադեպերի քննության մեխանիզմ, իրավիճակը առավել հստակ կլիներ։
Ղարաբաղի օմբուդսմենը հիշեցրեց, որ Ադրբեջանն է խոչընդոտում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների իրականացմանը, որոնք վերաբերում են շփման գծում հրադադարի խախտումների քննության մեխանիզմների ներդրմանը և ԵԱՀԿ առաքելության ընդլայնմանը:
«Չմոռանանք, որ Ադրբեջանն անընդհատ խուսափում է համաձայնվելու վերահսկողական և միջադեպերի քննության մեխանիզմի ներդրմանը։ Եթե լիներ միջադեպերի քննության մեխանիզմ, որին նրանք շարունակում են դեմ լինել և որին մենք կողմ ենք, միանգամից պարզ կլիներ, թե ինչ էր տեղի ունեցել», - ասաց Մելիքյանը։
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն էլ՝ անդրադառնալով քառօրյա պատերազմի ժամանակ մարդու իրավունքների համատարած խախտումներին, ընդգծում է՝ շարունակելու են տեղեկություններ ներկայացնել միջազգային գործընկերներին Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ։
«Մեր խնդիրն է նաև ճիշտը ցույց տալը, որովհետև այդ ժամանակ դարձյալ որևէ մեկը չի կարող մեր երկրին մեղադրել, որ թիրախավորված կամ որևէ ձև հասցվում է վնաս քաղաքացիական բնակչությանը։ Բայց Ադրբեջանն այստեղ ինչ է անում, ակնհայտորեն դա օգտագործում է ավելի խորացնելու համար ատելությունը։ Մենք ներկայացրեցինք հստակ տեղեկություններ, թեկուզ ոչ-հրապարակային խողովակներով, իրականում ինչ է կատարված եղել։ Մեր խնդիրը պետք է սա լինի նմանատիպ դեպքերում, որովհետև կարող է Էլի պրովոկացիաներ լինեն», - ասաց Թաթոյանը։
Ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմը ավելի քան 100 զոհ է տվել։