«Մանչեսթր Յունայթեդ»-ի մարզիչ Ժոզե Մոուրինյոն դեռ չի որոշել՝ նոր խաղաշրջանում դաշտի որ հատվածում է լինելու Հենրիխ Մխիթարյանը, սակայն ինքը` Մխիթարյանը հավաստիացնում է՝ բաց է ցանկացած առաջարկի համար: «Մոուրինյոն ինչ էլ որոշի, ես պատրաստ եմ ստանձնել այդ դերը», - նախօրեին, ըստ Guardian-ի, ասել է նա՝ հավելելով. - «Ես նախասիրություններ չունեմ, սիրում եմ խաղալ, և եթե խաղում եմ, անում եմ ուժերիս առավելագույնը՝ անկախ այն հանգամանքից՝ կիսապաշտպան եմ, թե հարձակվող»:
Դորտմունդի «Բորուսիա»-ից «Մանչեսթր Յունայթեդ» տեղափոխվելուց մեկ տարի անց լրագրողների հետ զրույցում Մխիթարյանը պնդել է՝ չի զղջում այդ որոշման համար, քանի որ «Կարմիրների» ակումբում դարձել է ավելի ուժեղ ու ինքնավստահ: «Ոմանք ասում են՝ դու Դորտմունդում ավելի լավն էիր, սակայն ես չեմ ափսոսում, որ եկել եմ Մանչեսթր, ես երջանիկ եմ շատ», - ասել է 28-ամյա կիսապաշտպանը՝ հավելելով. - «Կարծում եմ՝ քրտնաջան աշխատել եմ և ամեն ինչ արել եմ՝ ցույց տալու բոլորին, որ կարող եմ խաղալ և հնարավորություններիս սահմաններում լավագույնը տալ թիմին»:
Մարզական մեկնաբանները փաստում են՝ Մխիթարյանի այս խոսքերը առաջին հերթին ուղղված էին թերևս Ժոզե Մոուրինյոյին, ով անցած տարի Մխիթարյանի՝ «Մանչեսթր Յունայթեդ» տեղափոխվելուց հետո ամիսներ շարունակ նրան թողնում էր պահեստայինների նստարանին:
«Անցած տարվա դժվարություններս ինձ շատ օգնեցին, կոփեցին ինձ հոգեբանորեն: Ես երբեք չեմ ասել, որ դժվարին ժամանակներ եմ ունեցել այստեղ: Այդպիսի պահերին եթե ընկրկես, կկորցնես կյանքիդ իմաստը: Պիտի մնաս դրականորեն տրամադրված, ուժեղ և շատ եռանդուն աշխատես, որովհետև մեկ վայրկյանում ամեն ինչ կարող է փոխվել, և ինձ հետ հենց դա էլ տեղի ունեցավ», - ասել է հայ ֆուտբոլիստը:
Մխիթարյանը չի թաքցրել, որ խստապահանջ Մոուրինյոն նոր խաղաշրջանում ավելի շատ գոլեր է ակնկալում իրենից: «Մեր մարզիչն ասում է, որ պետք է ավելին անենք, քանի որ այս խաղաշրջանը մի փոքր ավելի բարդ է լինելու, մենք ոչ թե Եվրոպայի լիգայում ենք խաղալու, այլ՝ Չեմպիոնների լիգայում, դրանք տարբեր են, և մենք եռանդուն աշխառում ենք ու վստահ ենք, որ լավ արդյունքներ կունենանք», - ասել է նա:
Բրիտանական Guardian-ը փաստում է՝ իր նախորդ ակումբներում՝ Դորտմունդի «Բորուսիա»-ում ու Դոնեցկի «Շախտյոր»-ում, Մխիթարյանը երկրորդ տարում բարելավել էր իր հմտությունները, և հիմա վստահ է, որ նույնն է լինելու նաև «Մանչեսթր Յունայթեդ»-ի դեպքում: «Ես ինչ-որ լավ բանի ակնկալիք ունեմ, քանի որ գիտեմ՝ միշտ էլ կարելի է ավելի ու ավելի լավը դառնալ, ինձ համար չկան սահմաններ», - ասել է նա բրիտանացի լրագրողների հետ զրույցում: