Հոգեբանի մահվան գործով նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն

Ռուբեն Պողոսյան, լուսնակարը՝ հոգեբանի ֆեյսբուքյան էջից

«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի գիտական ղեկավար, պրոֆեսոր Ռուբեն Պողոսյանի մահվան դեպքի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով շարունակվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունները՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն: Այդ մասին հաղորդում է Քննչական կոմիտեն։

Քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա` 34-ամյա Հ. Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 14-րդ կետերով` «դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է անձի կամ նրա մերձավորի նկատմամբ՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ, անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ», նա հարցաքննվել է։ Համբարձումյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, մասնավորապես մեղադրյալի հոգեկան վիճակը, այդ թվում՝ մեղսագրվող արարքը կատարելու պահին, պարզելու համար նշանակվել է դատահոգեբուժական ստացիոնար փորձաքննություն, որը հանձնարարվել է «Նուբարաշեն հոգեբուժական կենտրոն» ՓԲԸ-ի ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննությունների հանձնաժողովին, փոխանցում է Քննչական կոմիտեն:

Նախաքննությունը շարունակվում է։

Հիշեցնենք, հուլիսի 17-ին Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ «դեմքի կտրված վերք, բազմաթիվ կտրված վերքեր, արյունահոսություն» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել հոգեբան Ռուբեն Պողոսյանը: 70-ամյա պրոֆեսորը հիվանդանոցում մահացել է: Ըստ Քննչական կոմիտեի՝ քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ հոգեբանին իր աշխատասենյակում ծանր մարմնական վնասվածք է պատճառել հոգեբանական կենտրոնի այցելու Համբարձումյանը: