Այս ամառը հարուստ է մշակութային իրադարձություններով

Ամառային այս օրերին մշակութային հաստատությունները շարունակում են իրենց աշխատանքը՝ ոչ միայն մեր արվեստասերներին, այլ նաև արտասահմանից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների խմբերին մեր արվեստն ու մշակույթը ներկայացնելու:

Օրերս Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանում մի շատ ուշագրավ ցուցահանդես է բացվել, որտեղ ներկայացված են ՀՀ Ֆինանսների նախարարության «Թանկարժեք քարերի և թանկարժեք մետաղների պետական գանձարան» գործակալության պահոցներում պահվող հինգ տասնյակից ավելի թանկարժեք մետաղներից պատրաստված ցուցանմուշներ: Դրանց շարքում են հին հայկական արծաթե և ոսկեզօծ գոտիներ, թանկարժեք մետաղներից պատրաստված կենցաղային իրեր՝ սկուտեղներ, բաժակակալներ, շաքարամաններ, թեյնիկներ և այլն:

Իսկ վաղն այս նույն թանգարանում կբացվի մեկ այլ ուշագրավ ցուցահանդես, որտեղ կներկայացվեն հաշմանդամություն ունեցող մարդկանց ստեղծագործությունները:

Ժամանակակից արվեստի սիրահարներն այս օրերին Երևանում կարող էին ծանոթանալ ժամանակակից արվեստի «Ստանդարտ 2017» միջազգային առաջին տրիենալիեի շրջանակներում ներկայացվող ստեղծագործություններին: Երևանում տրիենալեն մեկնարկեց հուլիսի 22-ին «Անալոգ լեռը» խորագրի ներքո: Այսօր տրիենալեն կմեկնարկի նաև Գյումրիիում, որտեղ աշխատանքները կներկայացվեն Սերգեյ Մերկուրովի թանգարանում, Երանուհի և Մարիամ Ասլամազյան քույրերի պատկերասրահում, Ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանում:

Գյումրին, որը ոչ միայն հարուստ է իր19-րդ դարի քաղաքային շինություններով և այդ ժամանակներից պահպանված ճարտարապետական որոշակի առանձնահատկություններով, այլև նաև իր արվեստասեր և արվեստագետ հանրությամբ, արդեն որերորդ տարին է անցկացվող տարատեսակ միջազգային փառատոների շնորհիվ հայտնի է դառնում նաև արտասահմանյան արվեստագետներին:

Գյումրին ոչ միայն հայ արվեստի ու մշակույթի մեծերի է ծնունդ տվել, այլև Գյումրիիում են ծնվել աշխարահռչակ Գեորգի Գյուրջիևը և նրա զարմիկը՝ Սերգեյ Մերկուրովը:

1997 թվականից Գյումրիիում բացվել է ժամանակակից արվեստի կենտրոնը, որը հայտնի է իր կազմակերպած միջազգային բիենալեներով, իսկ այսօր մեկնարկող տրիենալեին կմասնակցեն տարբեր երկրներից ավելի քան մեկ տասնյակ արվեստագետներ․ կբացվեն ցուցադրություններ, տեղի կունենան պերֆորմանսներ, տրիենալեի մասնակից արվեստագետները կհամագործակցեն Գյումրիի արվեստագետ հանրության հետ:

Երկու օր առաջ մեկնարկեց «Ավետ Տերտերյանի ժամանակը» խորագիրը կրող ամենամյա երաժշտական միջազգային փառատոնը, որը կտևի մինչև օգոստոսի 1-ը: Փառատոնը մեկնարկել է Երևանում, շարունակվելու է Սևանի ափին գտնվող Այրիվան գյուղում, ապա՝ Ստեփանակերտում և Շուշիիում:

Հավելենք, որ օրերս մեկնարկեց նաև «Սասնա Ծռեր կամ Սասունցի Դավիթ» հանրապետական ամենամյա փառատոնը, որը հիմնադրվել է 2011 թվականին և որի նպատակն է հանրահռչակել ոչ միայն հայ ժողովրդական էպոսը, այլև էպոսում արտացոլված հայ ժողովրդի արժեհամակարգը: Էպոսի պահպանման ու հանրահռչակման համար փառատոնի շրջանակներում կներկայացվեն էպոսի թեմաներով ինտելեկտուալ ու ժամանցային էլեկտրոնային խաղեր՝ նախապատրաստելով նաև «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ» էպոսի էլեկտրոնային գրքի տարբերակը:

Այս երեկո մեր երաժշտասերները հնարավորություն ունեն Արամ Խաչատրյան համերգասրահում մի հրաշալի համերգ ունկնդրել՝ Հայաստանի ֆիլհարմանիկ նվագախմբի և օպերային անվանի երգիչների մասնակցությամբ:

«Կարծես արդեն ավանդույթ է դարձել ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգաշրջանը եզրափակել օպերային կատարումներով: Մենք փորձում ենք մեր փոքրիկ հնարավորություններով ամեն ինչ անել, որ օպերային համերգային կատարումները դառնան բեմականացումներ: Անի Յորենցը, Ջանպիերո Ռուջերին, որին ծանոթ են «Ռիգոլետտո» օպերայից, դարձյալ մեզ հետ համագործակցել է, Լիպարիտ Ավետիսյանը, Դավիթ Բաբայանցը, Հասմիկ Թորոսյանը, Վազգեն Գազարյանը, որը այսօր համարվում է լավագույններից մեկը մեր հայ երգիչներից, արդեն Մետրոպոլիտեն թատրոնում ստացել է մեկ տարվա պայմանագիր․․․ Այնպես որ, հրաշալի ձայներ են: Կարծում եմ, հետաքրքիր կլինի մեր լսարանի, մեր հանդիսատեսի համար», - ասաց ՀՖՆ-ի տնօրեն Ռուզան Սիրունյանը:

Իսկ հուլիսի 26-ին էլ ամփոփելով իր այս համերգաշրջանը՝ ՀՖՆ-ն կներկայացնի իտալացի մեծանուն կոմպոզիտոր Ջակկոմո Պուչչինիի «Բոհեմ» օպերայի համերգային կատարումը:

«Մի փոքր փակագծերը բացելով՝ ուզում եմ նշել, որ հիմա Հայաստանում են ֆրանսահայ դիզայներներ Թառլոյան եղբայրները», - նշեց Սիրունյանը: - «Նրանք, իմանալով «Բոհեմ» օպերայի մասին, առաջարկեցին, որ այդ օրը զգեստները իրենք տրամադրեն, և դա մեր համար շատ մեծ պատիվ է, որովհետև Ֆրանսիայում կարված այդ շորերը 19-րդ դարի, որը համահունչ է այդ ֆրանսիական բոհեմին, այդ շորերով բեմ կբարձրանան բոլոր երգիչները: Միաժամանակ ուզում եմ նշել, որ այդ օրը նախասրահում կունենանք մի փոքր ցուցադրություն, որը կկոչվի «Զբոսանք Փարիզում», և շատ գեղեցիկ զգեստներով մեր գեղեցիկ աղջիկները դուրս կգան», - հավելեց Ռուզան Սիրունյանը: