Ստամբուլում մեկնարկել է թուրքական առաջատար պարբերականներից մեկի` «Ջումհուրիյեթ»-ի 17 լրագրողների դատավարությունը, որոնց մեղադրում են ահաբեկչական կառույցներին աջակցություն ցուցաբերելու մեջ:
Ավելի քան 300-էջանոց մեղադրական եզրակացության համաձայն` թերթի գործունեությունը վերահսկել է Միացյալ Նահանգներում բնակվող իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը, որին Թուրքիայում մեղադրում են 2016 թվականի հուլիսյան հեղաշրջման փորձն իրականացնելու մեջ:
Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների պնդմամբ՝ այս քայլով թուրքական իշխանությունները փորձում են լռեցնել երկրի ամենահայտնի ընդդիմադիր թերթերից մեկը:
«Ջումհուրիյեթ»-ի խմբագրակազմի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի կառավարության միջև խնդիրները ծագեցին այն բանից հետո, երբ պարբերականը բացահայտեց թուրքական հատուկ ծառայությունների կողմից Սիրիայում գործող իսլամիստական խմբավորումներին զենքի գաղտնի մատակարարման փաստերը: