ԵՄ-Վրաստան ազատ վիզային ռեժիմից օգտված շուրջ 3 հազար վրացիներ հայրենիք չեն վերադարձել

Վրաստան - Թբիլիսիում տոնում են Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը, 27-ը հունիսի, 2014թ․

Եվրամիության հետ ազատ վիզային ռեժիմից երեք ամսում օգտվել է շուրջ Վրաստանի 55 հազար քաղաքացի, որոնցից 3 հազարը խախտել են Շենգենյան գոտում գտնվելու 90-օրյա առավելագույն ժամկետը և չեն վերադարձել հայրենիք: Այս մասին այսօր IPN գործակալությանն ասել է Վրաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Շալվա Խուցիշվիլին:

«Չի բացառվում, սակայն, որ այդ մարդիկ Շենգենյան գոտուց ուղևորվել են այնպիսի երկրներ, որոնց հետ Վրաստանը վիզային ռեժիմ չունի, ասենք՝ Թուրքիա կամ Ուկրաինա: Ամեն դեպքում, այդ 3 հազար մարդկանց ինքնությունը պարզվել է, և նրանց տվյալները մուտքագրվել են «ռիսկային խմբում», - հայտարարել է Խուցիշվիլին:

Հիշեցնենք, Վրաստանի և Եվրամիության միջև ազատ վիզային ռեժիմը գործում է մարտի 28-ից: