Վանաձորի ավագանու ընդդիմադիր անդամները «շարունակելու են բոյկոտը»

Վանաձոր, արխիվ

Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը մտադիր չէ դադարեցնել անցած տարվա հոկտեմբերից սկսած բոյկոտը: Ընդդիմադիր խմբակցության անդամ Արմեն Եղիազարյանն «Ազատության» հետ զրույցում վստահեցրեց՝ ավագանու նիստերին չեն մասնակցի մինչև Սահմանադրական դատարանի որոշումը:

Նիստերին չեն ներկայանում նաև «Հայկական վերածնունդ» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները: Բոյկոտի պատճառը քաղաքապետի ընտրության գաղտնի քվեարկության արդյունքներն էին: Հիշեցնենք՝ ավագանիում քանակապես մեծամասնություն ձևավորած երեք ընդդիմադիր խմբակցությունները պայմանավորվել էին քաղաքապետ ընտրել «Լուսավոր Հայաստանի» թեկնածու Քրիստ Մարուքյանին, սակայն, անսպասելիորեն, ավելի շատ ձայն ստացավ ու քաղաքապետ դարձավ հանրապետական Մամիկոն Ասլանյանը:

Վերջերս Ազգային ժողովի «Ելք» և «Ծառուկյան» ընդդիմադիր խմբակցությունների 26 պատգամավորներ դիմել են Սահմանադրական դատարան՝ պահանջելով հակասահմանադրական ճանաչել ՏԻՄ մասին օրենքի այն դրույթը, որով առաջնորդվելով՝ Վանաձորի ավագանու Հանրապետական և Դաշնակցություն խմբակցությունները, չունենալով քվորում, նիստեր են գումարում և որոշումներ կայացնում:

ՍԴ-ում դիմումի քննությունը տեղի կունենա այն ներկայացնելուց 5 ամիս անց միայն՝ հոկտեմբերի 31-ին: Արմեն Եղիազարյանի կարծիքով, եթե ամեն ինչ օրինական և արդար լինի, իրենց հայցը կբավարարվի․ «Անկախ վճռից մենք կշարունակենք աշխատելը: Եթե ամեն ինչ օրինական, իդեալական լինի, մեր հայցը կբավարարվի»:

Մինչ ՍԴ-ում կսկսվի դիմումի քննարկումը, Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամները քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում ուսումնասիրություններ են անում: Անահիտ Կարապետյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ վերջին երկու ամիսներին աշխատավարձի ուշացումներ են եղել մի շարք համայնքապատկան կառույցներում, իրենք էլ դիմել են քաղաքապետարան՝ պատճառները հասկանալու համար: «Հուլիս ամիսն է, բայց մարդիկ հունիս ամսվա աշխատավարձերը դեռևս չեն ստացել: Պատասխանը մենք ստացել ենք երեկ, դրանում նշված է՝ պարտքի գոյացման պատճառն այն է, որ համայնքային բյուջեի սեփական եկամուտների մեծ մասը հավաքագրվում է բյուջետային տարվա չորրորդ եռամսյակում»,- պատմեց Անահիտ Կարապետյանը:

Հետընտրական բակային հանդիպումների ընթացքում ավագանու անդամները բազմաթիվ բողոքներ ու դժգոհություններ են լսել համատիրությունների աշխատանքի վերաբերյալ, այնուհետև հարցում են ուղարկել Վանաձորի բոլոր համատիրություններ՝ տեղեկատվություն ստանալու նպատակով: Արդյունքում պարզել են, որ քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում նշված 59 համատիրություններից ոչ բոլորն էն գործում: «Ցավոք այս պահին համատիրություններից ակտիվ արձագանքներ չենք ստացել, մի քանի նամակներ մեզ փոստի միջոցով հետ են եկել: Նշված է, որ հասցեներն են փոխվել, տվյալ համատիրությունը վաղուց այնտեղ չկա»,- ասաց ԼՀ խմբակցության անդամը:

Ավագանու անդամներն ուսումնասիրում են նաև ավագանու՝ վերջին շրջանում մեծ աղմուկ հանած որոշումը՝ գրադարանների օպտիմալացման ու կրճատումների մասին: Արմեն Եղիազարյանն ասում է՝ գրադարանները փակելու փոխարեն կարելի էր պարզապես ուռճացված հաստիքները կրճատել․ «Ընդամենը 2-3 միլիոն դրամով երկու երեք աշխատողով գրադարանը կարող է գործել: Չեմ կարծում, որ այդ 2-3 միլիոն դրամի տնտեսումը տարեկան կտրվածքով արդարացված է»:

Եղիազարյանը մտավախություն ունի, որ փակված գրադարանների գրքերը նույն ճակատագրին կարժանանան, ինչ նախորդ քաղաքապետի պաշտոնավարման ընթացքում 2009-ին փակված գրադարանի գրքերը՝ դրանք «անտերության էին մատնված ու այլևս անպիտան էին»: