Ադրբեջանին զենք տրամադրելու մասին Մոսկվայի բացատրությունները քննադատության չեն դիմանում․ Աշոտյան

Արմեն Աշոտյան, Երևան, 22-ը հուլիսի, 2017 թ․

Ռուսական կողմի բացատրությունները՝ Ադրբեջանին սպառազինության շարունակվող մատակարարումների վերաբերյալ, քննադատության չեն դիմանում և համոզիչ չեն: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավար, իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Հատկանշական է, որ ՀՀԿ ղեկավար ներկայացուցիչը նման հայտարարություն է անում խորհրդարանի ղեկավար Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության կազմում այս շաբաթ Մոսկվա կատարած այցից հետո: «Պաշտոնական և ոչ պաշտոնական շփումներում մեր ռուս գործընկերների հետ հայ-ռուսական հարաբերությունների օրակարգի ամենակնճռոտ հարցը մնում է Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարման շարունակականությունը»,- ասաց Աշոտյանը, ընգծելով՝ ռուսական կողմի հիմնավորումները, թե դա բացառապես տնտեսական գործարք է կամ հնարավորություն՝ վերահսկելու Ադրբեջանի ռազմատեխնիկական պոտենցիալն ու տարածաշրջանային կայունությունը, իհարկե «մեր տեսակետից քննադատության չեն դիմանում»:

Հունիսին և հուլիսին հայտնի դարձավ, որ Ռուսաստանն Ադրբեջանին է մատակարարել Хризантема-С հակատանկային հրթիռային համալիրներ և ТОС-1А Солнцепек ծանր հրանետի մոտ 200 հրթիռ: Ստոկհոլմում գործող Միջազգային խաղաղության ուսումնասիրության ինստիտուտի՝ SIPRI-ի համաձայն, 2011-2016թթ․ Ադրբեջանը 20 անգամ ավելի շատ զենք է ներկրել, քան Հայաստանը: Այդ զենքի մեծ մասը Բաքուն ձեռք է բերել Ռուսաստանից: Ադրբեջանին բաժին է հասել ռուսական ռազմական արդյունաբերության ողջ ծավալի 4%-ը: «Ռուսական կողմի հիմնավորումները մեր կողմից իհարկե քննարկումների առարկա են և համոզիչ չեն»,- ասաց Աշոտյանը:

Անցյալ տարի՝ ապրիլյան պատերազմից ընդամենը երկու օր անց Երևանում ընդունելով Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց՝ Բաքվին մատակարարվող ռուսաստանյան զենքը կիրառվում է հայկական խաղաղ բնակավայրերի դեմ:

«Մեր ռազմավարական գործընկերությունը, ռազմավարական դաշնակցային հարաբերությունները չեն ենթադրում մեր արտաքին քաղաքական օրակարգերի 100 տոկոսանոց համընկնում, սա խնդրում եմ՝ ֆիքսեք: Եվ ոչ մի երկրի հետ, բացի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, Հայաստանը չունի արտաքին քաղաքական օրակարգի բացարձակ համընկնում: Սա ակնհայտ ճշմարտություն է»,- լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը նաև հայտարարեց իշխող ՀՀԿ փոխնախագահը:

«Հնչել է կոշտ պատասխան»

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի՝ վերջին օրերին կայացած մոսկովյան այցն ուղեկցվեց սկանդալով: Հանդիպման ժամանակ Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Հայաստանի իշխանություններին առաջարկել էր Հայաստանում ռուսերենին տալ պաշտոնական կարգավիճակ, որպեսզի հայաստանյան վարորդական վկայականները ճանաչվեն նաև Ռուսաստանի կողմից:

Այդ առնչությամբ Արմեն Աշոտյանն ասյօր ասաց․ «Հասկանում եմ թեմայի լրջությունը, ինձ դա պետք չէ բացատրել, մանավանդ, որ ամենակոշտ արտահայտված մտքերից մեկն այդ քննարկման ժամանակ տվել եմ հենց ես: Ոչ էլ, կարծում եմ՝ սա այն թեման է, որը նման երկարատև քննարկումների կարիք ունի: Եթե մենք երկար ենք քննարկում այս հարցը, հարգելի լրագրողներ, մի փոքրիկ հոգեբանական գաղտնիք բացեմ․ մենք ցույց ենք տալիս մեր բարդույթը: Հնչել է առաջարկ, տրվել է պատասխան, շատ հստակ, շատ կոռեկտ ու բավականաչափ կոշտ, և այս տեսակետից հարցը սպառված է»,- ասաց Աշոտյանը:

Ազգային ժողովի լրատվական ծառայության փոխանցմամբ, Արա Բաբլոյանը տեղում արձագանքել է Վոլոդինին՝ նշելով, որ Հայաստանի օրակարգում նման հարց չկա ու չի էլ սպասվում: «Ինձ համար այս թեման գոյություն չունի, ինձ համար այս թեման փակ է, ռուսաց լեզվի կարգավիճակի թեմա Հայաստանում գոյություն ունենալ չի կարող և վե՛րջ»,- այսօր հայտարարեց Արմեն Աշոտյանը:

«Հասկանում եմ, որ ինտրիգը պետք է տևի այնքան երկար, որքան դա հնարավոր է»

Մոտ մեկ շաբաթ առաջ «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նախագահ Սերժ Սարգսյանը հերթական անգամ խուսափեց հստակեցնել՝ արդյո՞ք 2018 թ․ ապրիլից հետո մտադիր է զբաղեցնել վարչապետի պաշտոնը: Հիշեցնենք՝ Սարգսյանի նախագահական լիազորությունների ավարտին մնացել է մոտ 9 ամիս: Այսօր Աշոտյանին խնդրեցինք, այնուամենայնիվ, պարզաբանել՝ ի՞նչ են մտածում ՀՀԿ-ում Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության մասին:

ՀՀԿ փոխնախագահի խոսքով, դեռս բավականաչափ ժամանակ կա կառավարման համակարգի փոփոխման համատեքստում կատարվելիք քաղաքական որոշումների կայացմանը: «Ուստի՝ չեմ կարծում, որ հատկապես հուլիսի 20-ին, 21-ին դա իրոք շատ մտահոգիչ հարց է մեր հասարկության ճնշող մեծամասնության համար: Բայց ընդունում եմ, որ կա քաղաքական ինտրիգ, այդ ինտրիգը կա նաև լրատվական դաշտում, և ինտրիգի կանոնները պահանջում են, որ այն տևի այնքան երկար, որքան դա հնարավոր է»,- ասաց Արմեն Աշոտյանը: