Սաֆարյանին «գողական աշխարհի հաշվեհարդար է սպառնում»․ Փաստաբաններ

Ընդդիմադիր ակտիվիստ Գևորգ Սաֆարյանը դատարանում, արխիվ

Ակտիվիստի պաշտպաններն արդեն դիմում են ներկայացրել ՄԻԵԴ, պնդելով, որ Հայաստանը խախտում է միջազգային կոնվենցիաները և չի կատարում Սաֆարյանի կյանքն ու առողջությունը պահպանելու իր պարտավորությունները։

Միայն ոստիկանների ցուցմունքների հիման վրա երկու տարվա ազատազրկման դատապարտված ընդդիմադիր ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի կյանքին, ըստ նրա փաստաբանների, վտանգ է սպառնում, քանի որ քրեակատարողական հիմնարկը վերջինիս առանձնախցից ցանկանում է տեղափոխել ընդհանուր մասնաշենք։

Բանտարկված ակտիվիստի փաստաբաններից Տիգրան Եգորյանի խոսքով՝ այնտեղ նրան «քրեական տարրերի կողմից հաշվեհարդար» է սպասվում: «2016 թվականի հունվարին նա տարբեր խցակիցների կողմից ենթարկվել է բռնությունների, որոնք հիմնականում քրեական տարրեր են եղել, գողական աշխարհի ներկայացուցիչներն այդ հաշվեհարդարը պայմանավորել են Գևորգի քաղաքական գործունեությամբ»,- «Ազատությանն» ասաց Եգորյանը:

Սաֆարյանի պաշտպաններն արդեն դիմում են ներկայացրել ՄԻԵԴ, պնդելով, որ Հայաստանը խախտում է միջազգային կոնվենցիաները և չի կատարում Սաֆարյանի կյանքն ու առողջությունը պահպանելու իր պարտավորությունները։ Ստրասբուրգյան դատարանում Սաֆարյանին ներկայացնող փաստաբան Դավիթ Գյուրջյանի փոխանցմամբ՝ իրենք պահանջում են, որ Հայաստանի կառավարությունը երաշխավորի ակտիվիստի անվտանգությունը։ «Այդ վտանգները վերացնելու կապակցությամբ պահանջ ներկայացրեցի, որրպեսզի կառավարությունը երաշխիքներ տրամադրի, որ նրա նկատմամբ անմարդկային վերաբերմունք, խոշտանգում տեղի չի ունենա: Նման երաշխիք, այս պահի դրությամբ, կարող է լինել Սաֆարյանին առանձնացված մասնաշենքի իր հին խուց, կամ որևէ այլ խուց տեղափոխելը»,- ասաց Գյուրջյանը:

Կարգապահական տույժի ենթարկված Սաֆարյանը մենախցից ընդհանուր մասնաշենք պետք է տեղափոխվեր այսօր առավոտյան։ Փաստաբան Տիգրան Եգորյանն այսօր տեսակցել է իր պաշտպանյալին, ասում է՝ նա դեռ պատժախցում է, նրա նկատմամբ նոր տույժ չի կիրառվել: Փաստաբանի կարծիքով՝ այդ հանգամանքը կապված է ՄԻԵԴ ներկայացրած իրենց դիմումի հետ․ «Նրանք հիմա, փաստորեն, հասկացել են տույժի ապօրինությունը, այժմ փորձում են մեկուսացված պահել, ցույց տալու համար, որ ապահովել են նրա կյանքին և առողջությանը սպառնացող վտանգներից զերծ պահելու երաշխիքները»:

«Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման ակտիվիստը տարիներ առաջ այլ քրեական գործերի շրջանակում ազատությունից զրկվելով՝ արդեն եղել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ընդհանուր մասնաշենքում։ Այդ ընթացքում Սաֆարյանը մի քանի անգամ բարձրաձայնել էր քրեական տարրերի կողմից իր նկատմամբ ճնշումների մասին։ Փաստաբան Դավիթ Գյուրջյանի պնդմամբ՝ չբավարարվելով դատավճռով՝ իշխանություններն այժմ կրկին փորձում են լրացուցիչ ձևերով «անմարդկային վերաբերմունք» դրսևորել Սաֆարյանի նկատմամբ։ Նրա խոսքով, դա կամայական որոշում է, «ոչինչ չի փոխվել, ինչու՞ պետք է նրան այլ խուց տեղափոխել»:

Գևորգ Սաֆարյանն անցյալ տարվա հունվարի 1-ից ազատազրկված է։ Նա բացառապես ոստիկանների ցուցմունքների հիման վրա երկու տարվա բանտարկության դատապարտվեց Ամանորի գիշերը ոստիկան Գեղամ խաչատրյանին հարվածելու մեղադրանքով։ Ընդդիմադիր ակտիվիստը միաժամանակ մեղադրվում է 2015 թ․ ապրիլին զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ։ Այդ գործով դատավարությունը մեկնարկեց անցյալ ամիս, նիստերը, սակայն, անցնում են Սաֆարյանի բացակայությամբ։ Դատավորն անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու պատճառաբանությամբ՝ նրան հեռացրել է դահլիճից: Ապօրինի որակելով այդ որոշումը՝ Սաֆարյանի փաստաբանները հրաժարվում են ներկայանալ դատական նիստերին: