Վերջին օրերին հանրային հնչեղություն ստացած մի քանի գործերով ընթացող դատավարությունների ժամանակ փաստաբանների նկատմամբ հաճախակի կիրառվող սանկցիաների հետ կապված այսօր Հայաստանի փաստաբանների պալատի խորհուրդը կայացրել է որոշում, որում, մասնավորապես նշվում է՝ «պետական ծառայողները պարտավոր են փաստաբանների նկատմամբ ցուցաբերել հարգալից վերաբերմունք՝ ղեկավարվելով փաստաբանի բարեխղճության կանխավարկածով»:
Փաստաբաններին զննության ենթարկելու դեպքերի վերաբերյալ ՓՊ խորհուրդը, մասնավորապես, արձանագրում է․ «Առանց հատուկ սարքերի փաստաբանին զննելու համար դատական կարգադրիչը պետք է ունենա իրավական և փաստական հիմքեր: Փաստական հիմքը կարող է լինել այն դեպքում, երբ կա ողջամիտ կասկած, որ փաստաբանը կարող է օրենքով արգելված իրեր տեղափոխել:
Անթույլատրելի է զննություն կատարելիս դրսևորել խտրական վերաբերմունք փաստաբանների նկատմամբ: Զննությունը չի կարող փաստացի վերածվել խուզարկության կամ ստեղծել փաստաբանական գաղտնիքի հրապարակման վտանգ կամ փաստաբանի համար նվաստացուցիչ պայմաններ»:
Փաստաբաններ պալատի խորհուրդը պալատի աշխատակազմի ղեկավարին հանձնարարել է որոշումն ուղարկել ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարին և ապահովել որոշման հրապարակումը ՀՀ փաստաբանների պալատի կայքում:
«Սասնա ծռեր» զինված խմբի անդամների և Ժիրայր Սեֆիլյանի գործերով ընթացող դատավարությունների ընթացքում մի շարք ամբաստանյալների փաստաբանները բազմիցս ենթարկվել են սանկցիաների միայն այն բանի համար, որ հրաժարվել են զննության ենթարկվել՝ դա գնահատելով խուզարկություն և պաշտպանական կողմի իրավունքների խախտում: Դրանից հետո փաստաբանները, որպես կանոն, դատավորի կողմից արժանացել են սանկցիաների և որոշակի ժամանակահատվածով զրկվել նիստերին մասնակցելու հնարավորությունից: