Ծաղկաձորում վաղը կմեկնարկի ավանդական դարձած Մնջախաղի միջազգային փառատոնը

Լեոնիդ Ենգիբարյանի անունը կրող փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա Ծաղկաձորի կենտրոնական՝ Ծաղկունյաց հրապարակում, որտեղ տեղադրված է Լեոնիդ Ենգիբարյանի արձանը:

Փառատոնին ընդառաջ հրավիրած ասուլիսում Երևանի Մնջախաղի թատրոնի տնօրեն Ժիրայր Դադասյանը նշեց, որ բացման արարողության ընթացքում հանդիսատեսը հնարավորություն կունենա ծանոթանալ տարբեր երկրներից եկած բոլոր մասնակիցներին՝ դիտելով նրանց փոքրիկ մանրապատումները․ - «Մեր փառատոնը մտածված է որպես ժողովրդական փառատոն, այսինքն՝ մարդկանց համար փառատոն: Թչ թե մասնագետների համար, ոչ թե սիրողների համար, ովքեր սիրում են այս կամ այն ժանրը, այլ ուղղակի մեր բնակիչների համար, մեր քաղաքացիների համար փառատոն: Որովհետև մեր հանդիսատեսի մեջ դուք կարող եք տարբեր խավերի ներկայացուցիչների տեսնել: Մեր հիմնական խնդիրը մեր բնակչությանը գեղեցիկ բան ներկայացնելն է, և հնարավորություն տալ իրենց առնչվել այս արվեստի հետ, որովհետև այս արվեստը, այս ժանրը թույլ է տալիս առանց թարգմանության տարբեր ազգերի ներկայացուցիչների ներգրավել»:

Փառատոնի ավարտին՝ հուլիսի 25-ի երեկոյան, փառատոնի բոլոր մասնակիցները փառատոնի կազմակերպիչների կողմից կպարգևատրվեն Լեոնիդ Ենգիբարյանի անվան ոսկե հուշամեդալով:

Ժիրայր Դադասյանը նշեց, որ այս տարի փառատոնին մասնակցելու են մնջախաղացներ ամենատարբեր երկրներից․ - «Եվ կրկին մեր հավատարիմ մասնակիցները, որ անցյալ տարի ժամանել էին Հարավաֆրիկյան Հանրապետությունից, այս տարի կրկին ցանկացավ մասնակցել՝ Ջոն Ջեյկոբսը»:

Ի դեպ, այս տարի Բանգլադեշից ժամանել են մնջախաղացներ Միր Լոքմանը և Սաիֆուլահ Սադեքը: Նրանք այսօր չափազանց ուրախացան, երբ անսպասելիորեն լրագրողներից տեղեկացան, որ մեր մայրաքաղաքում թեկուզ ոչ պաշտոնական, բայց ժողովրդախոսակցական լեզվով «Բանգլադեշ» կոչվող թաղամաս կա:

Ասում էին, որ մնջախաղացներն իրենց երկրում շատ սիրված են, ու չնայած իրենք դեռ ուսանող են, բայց հաստատ որոշել են իրենց կյանքն ապրել որպես մնջախաղացներ: Միր Լոքմանի բեմադրությունը կոչվում է «Պայքար»: Նա համոզված է, որ երկրագնդի ցանկացած բնակիչ ազատության սիրահար է, բայց գտնվում է ամենատարբեր կապանքների մեջ և ստիպված է ողջ կյանքի ընթացքում հաղթահարել այդ կապանքները: Այս միմոդրաման պատմություն է մի մարդու մասին, որն ամեն կերպ փորձում է ազատության հասնել, թեև, ինչպես շեշտում է հեղինակը, ազատության մասին յուրաքանչյուր մարդու պատկերացումները խիստ անհատական են:

Շատ հետաքրքիր ծրագիր են փառատոնի ընթացքում ներկայացնելու նաև մեր հայրենակիցները: Ժիրայր Դադասյանի փոխանցմամբ՝ նրանց շարքում նաև Հայաստանից դուրս ապրող արվեստագետներն են, օրինակ, Դիանա Ներսիսյանը․ - «Ով որ հիմա Ֆրանսիայում է բնակվում և այնտեղ է աշխատում, էլի շարունակում է զբաղվել մնջախաղով: Ունենք հետաքրքիր մի նախագիծ, որ կոչվում է Արցախ - Գերմանիա․ գերմանացի միմ Բեռլինից և Ստեփանակերտի թատրոնի դերասան Գենադի Առուշանյանը միասին պատրաստել են «Դոն Կիխոտ» ներկայացումը»:

Ուշագրավ է, որ կազմակերպիչները այս փառատոնը հենց մայրաքաղաքից դուրս են անցկացնում, և հույս ունեն, որ հետագայում կկարողանան ընդգրկել նաև այլ մարզերը:

Այսօր ասուլիսին ներկա էր Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանը: Երբ լրագրողներից մեկը դժգոհեց, թե Երևանից մեկնող անվճար ավտոբուսների թիվը բավարար չէ, Հարությունյանը հենց ասուլիսի ընթացքում շատ պատրաստակամորեն խոստացավ իրենց կողմից մեկով ավելացնել անվճար ավտոբուսների թիվը․ - «Մի ավտոբուս քաղաքապետարանը կուղարկի»:

«Առաջին փառատոնն ա եղել, բայց այսօր մենք Ծաղկաձորում ունենք ևս մի շարք փառատոններ, որ անց են կացվում: Ուզում ենք նաև, որ նմանատիպ փառատոններն ընդգրկվեն տուրօպերատորների կայքերում և էջերում, որպեսզի ամբողջ աշխարհին կարողանանք ներկայացնել, թե ինչ գեղեցիկ միջազգային փառատոն է: [Ծաղկաձորը] Հանրապետության մի գողտրիկ անկյուններից մեկն է և պատրաստ է ամեն ինչով․ իր աջակցությամբ բոլոր փառատոների կողքին կանգնած է որպես համայնք, որպես քաղաք», - ասաց Ժիրայր Դադասյանը: