Նորքի զինված խմբի գործով այսօրվա դատական նիստին դատավորը բավարարեց պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի փաստաբանի միջնորդությունը՝ Շիրխանյանին թույլատրելով դատարանի դահլիճում ոտքի չկանգնել:
Այսօրվա նիստին քննարկվեց 7 միջնորդություն, որոնցից բավարարվեց միայն մեկը: Փաստաբանների միջնորդությունները հիմնականում վերաբերում էին իրենց վստահորդների խափանման միջոցը փոխելուն՝ հաշվի առնելով նրանց առողջական վիճակը:
Փաստաբանները նշում են, որ ամբաստանյալներից ոմանք զրկված են հարազատներին տեսակցելու հնարավորությունից, արգելանք է դրված նաև հեռախոսազրույցների հնարավորության վրա:
Մի քանի անգամ նիստն ընդմիջելուց հետո դատավոր Արմեն Բեկթաշյանը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո հայտարարեց, որ միջնորդությունները մերժված են: Բավարարվեց միայն պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանի միջնորդությունը, որով դատարանին խնդրվում էր Շիրխանյանին թույլատրել՝ դատարանի դահլիճում ոտքի չկանգնել, հաշվի առնելով վերջինիս առողջական վիճակը:
Դատարանը բավարարեց նաև 2-րդ խմբի հաշմանդամ՝ 64-ամյա Էդուարդ Ներսիսյանի փաստաբան Կարինե Պողոսյանի միջնորդությունը: Փաստաբանը դատարանից պահանջել էր նշանակել բժշկական փորձաքննություն՝ պարզելու, թե իր վստահորդի առողջական վիճակն ինչիպիսն է եղել մինչև ազատազրկվելն ու դրանից հետո: Ըստ միջնորդության՝ ՔԿՀ-ի բժիշկները տեղյակ են «Ապար» մականունով իր վստահորդի առողջական խնդիրներին, ուստի՝ պահանջեց, որ փորձաքննությունը հենց նրանք անցկացնեն: Դատարանը միջնորդությունը մասնակիորեն բավարարեց՝ մերժելով վերջին պահանջը: Հայտարարվեց՝ բժշկական անկախ փորձագիտական հանձնաժողովը կուսումնասիրի խնդիրը: Ամբաստանյալ Խաչիկ Ավետիսյանը տեղից արձագանքեց՝ «Հաշվի առեք, որ նա կաթվածը ստացել է բանտում»:
Խաչիկ Ավետիսյանի փաստաբան Գիվի Հովհաննիսյանը նույնպես իր վստահորդի խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացրեց, բայց ինքը՝ ամբաստանյալը հրաժարվեց այդ միջնորդությունից, նշելով․ «Մերժելու եք ամեն դեպքում, իսկ մեզ իզուր այդքան հանել-իջեցնելու եք»:
Գլխավոր մեղադրյալներից Արթուր Վարդանյանի փաստաբան Սիրուշ Ալվանյանի պնդմամբ՝ իր վստահորդն անօրինական է պահվում անազատության մեջ, քանի որ «կալանքի ժամկետը լրացել է»: Դատարանը մերժեց այս միջնորդությունը: Վարդանյանը վրդովվեց՝ հարազատների հետ իր հեռախոսազրույցների վրա դեռ արգելանք է դրված: Դիմելով դատավոր Արմեն Բոկթաշյանին, ասաց՝ «ձեզնից չեմ մուրալու, որ երեխայիս զանգեմ»:
Միջնորդություններից հետո մեղադրող դատախազները ներկայացրեցին Արթուր Վարդանյանի ու Հայր Անտոն Դիկրան Թոթոնջյանի մեղադրանքները: Ըստ դրանց՝ «Արթուր Վարդանյանը 2015 թ. ապրիլից ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել»:
Հայր Անտոն Դիկրան Թոթոնջյանն էլ «2015թ. ապրիլից անձնապես ծանոթացել է Իսպանիայից ժամանած Արթուր Վարդանյանի հետ, մասնակցել է վերջինիս կողմից ստեղծված ու ղեկավարած հանցավոր համագործակցությանը` ֆինանսավորելով այն»: Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյան էլ մեղադրվում է «հանցավոր համագործակցությանը մասնակցելու, նաև իշխանությունը զավթելուն ուղղված գործողությունների մասնակցելու մեջ»:
2015 թվականի նոյեմբերին Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել էր Նորք-Մարաշի զինված խմբի 9 անդամների, այդ թվում՝ խմբի ղեկավար Արթուր Վարդանյանին: Գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 33 անձի: Ամբաստանյալի կարգավիճակում գտնող 20 անձանցից 12-ը կալանավորված են, 5-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ 3-ի նկատմամբ կիրառվել է գրավով ազատ արձակելու միջոցը:
Այսօրվա դատական նիստը հետաձգվեց այն բանից հետո, երբ ամբաստանյալ Հայր Անտոն Թոթոնջյանը երկու անգամ կրկնեց՝ սաստիկ ցավեր ունի և չի կարող ներկա գտնվել նիստին: