2011 թվականից ի վեր առաջին անգամ, Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության պատվիրակությունը կայցելի Ուզբեկստան:
Յոթ տարի առաջ ուզբեկական իշխանությունները փակել էին երկրում հեղինակավոր կազմակերպության գրասենյակը:
Իրավապաշտպանների այցի մասին, ըստ կազմակերպության Կենտրոնական Ասիայի հարցերով ներկայացուցիչ Սթիվ Սվերդլովի, հայտնել է Ուզբեկստանի արտգործնախարար Աբդուլազիզ Քամիլովը Բրյուսելում Եվրամիություն-Ուզբեկստան խորհրդի հանդիպման ժամանակ: Քամիլովը հայտարարել է նաև, որ այլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ ևս կարող են այցելել Ուզբեկստան՝ համագործակցության եզրեր գտնելու նպատակով:
Սթիվ Սվերդլովի խոսքով, արտգործնախարարի այդ հայտարարությունը բոլորի համար անսպասելի էր, ինչն էլ հույս է ներշնչում, որ Ուզբեկստանը նաև քայլեր կձեռնարկի երկրում մարդու իրավունքների բարելավման հարցում:
Պաշտոնական Տաշքենդը ազատականացման որոշ համեստ քայլեր ձեռնարկել է Շավքաթ Միրզիյաևի նախագահ դառնալուց հետո: Նախորդ նախագահ՝ անցյալ տարի մահացած Իսլամ Քարիմովը հայտնի էր ավտորիտար կառավարման ռեժիմով և հաճախ էր հայտնվում իրավապաշտպանների քննադատության թիրախում: